Մշակութային ոլորտում Երևանի և իտալական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրեն Պաոլո Դել Բիանկոյի հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկատինին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Դել Բիանկոն Երևանի քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած ֆոնդի գործունեությունը, որը հիմնականում ուղղված է մշակութային երկխոսությունների հաստատմանն ու ընդլայնմանը։ Տեղեկացնելով, որ շուտով տեղի է ունենալու նաև ֆոնդի համացանցային պորտալի շնորհանդեսը, Պաոլո Դել Բիանկոն պատրաստակամություն է հայտնել պորտալի միջոցով ներկայացնել Երևանը՝ որպես մշակութային և զբոսաշրջային գրավիչ միջավայր՝ այցելուներին ներկայացնելով ոչ միայն հայկական մշակույթը, այլև տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնել։
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետը նշել է , որ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել իտալական քաղաքների հետ կապերն ամրապնդելու համար։
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ֆոնդը ևս մեկ հրապարակ կլինի Երևանը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկատինին նույնպես կարևորել է քաղաքների միջև մշակութային երկխոսության անհրաժեշտությունը և նշել, որ ֆոնդն իր ուրույն դերակատարությունը կունենա և կօգնի զարգացնելու երկկողմ կապերը՝ նպաստելով , որ Հայաստանը ճանաչում ունենա տարբեր ասպարեզներում։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ երկկողմ աշխատանքային խումբը կքննարկի և գործակցության կոնկրետ առաջարկություն կներկայացնի։









































