ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Դևիդ Պետրեուսը, ելույթ ունենալով ABC հեռուստաընկերության եթերում, կասկած է հայտնել, թե կոալիցիոն զորքերը մինչև 2014 թ. Աֆղանստանում հաղթանակ կտանեն: Նա նաև բացասական պատասխան է տվել այն հարցին, թե 4 տարի հետո կստեղծվեն պայմաններ, որ Աֆղանստանի կառավարությունը ի վիճակի լինի ինքնուրույն կառավարել երկիրը:
«Ես չգիտեմ՝ կարո՞ղ եմ, արդյոք, երբևէ խոսել այդօրինակ հնարավորության մասին»,- նշել է նա: Գեներալը հաստատել է, որ թալիբները ցուցադրել են պայքարելու իրենց հաստատակամությունը, որ նրանք չեն պատրաստվում հանձնվել և կարծում են, որ կարող են դիմանալ այնքան, մինչև ԱՄՆ-ն և դաշնակիցները դուրս կհանեն իրենց զորքերը: «Հենց մենք սկսում ենք նրանց մի տեղ ճնշել, գնում են մեկ այլ վայր»,- ասել է Պետրեուս` ավելացնելով, որ դժվար է ասել, թե հիմա քանի շրջան են թալիբները վերահսկում:
Այս մասին գրում է Newsru կայքը: