Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ իրանի մշակույթի և առաջնորդության նախարարությունը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցների, գլխավորաբար՝ նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշայիի մասին գրված գրքին տպագրվելու իրավունք չի շնորհել:
Գրքի հեղինակ Մուհամադ Ռեզա Ղոմշեն Fars գործակալությանը հայտնել է, որ մշակույթի նախարարությունը պահանջում է մի շարք փոփոխություններ իրականացնել բովանդակության մեջ, իսկ եթե դրանք իրականանան, գրքի հիմնական թեման ամբողջությամբ կխեղաթյուրվի, ուստի այդ պատճառով էլ ինքը հրաժարվել է գրքի հրատարակումից:
Հեղինակի փոխանցմամբ՝ այդ գիրքը փորձ է լուսաբանելու Ռահիմ Մաշայիի իրական ինքնությունն ու գործունեությունը, որտեղ նա փորձում է արդարացնել իր գործերը:
Հիշեցնենք, որ իրանի պահպանողականները, նախագահի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիին համարում են կառավարության մեջ ներթափանցած դավադիրների հիմնական պարագլուխը:










































