ԱՄՆ-ում ավելի մեծ թափ են ստանում բողոքի ակցիաները, որոնք մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում ներկա ֆինանսական համակարգի դեմ սկսված բողոքի ակցիաների շարունակությունն են: Երեկ Սան Դիեգո քաղաքում ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել կենտրոնական հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանները փորձել են ճեղքել այն շղթան, որ ակտիվիստները կազմել էին և պաշտպանում էին իրենց վրանային քաղաքը: Իսկ առավոտյան ոստիկանությունը սկսել էր վրանների տեղահանումը: Նրանք բացատրել էին, որ ցուցարարները կարող են այդտեղ մնալ, սակայն առանց վրանների: Դրանից հետո մասնակիցները տեղադրել էին ևս մեկ վրան և շրջապատել այն կենդանի շղթայով: Այսօր սպասվում է ամենամեծ ցույցը Նյու Յորքում: «Ուոլ սթրիթի օկուպանտները» հայտարարել են, որ պատրաստվում են ցույց տալ իրենց իրական ուժը:
Բողոքի ակցիաներ են նախատեսված նաև Վաշինգտոնում, Սիեթլում, Դենվերում, Ատլանտայում և այլուր: Այս մասին հաղորդում է CNN-ը: