Բանակում կատարվող սպանությունների, ինքնասպանությունների առանձնահատկությունների և ելքերի մասին խոսելիս հոգեբան Արշակ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոգեբանական տեսանկյունից բանակում, առհասարակ փակ հաստատություններում ինքնասպանության փորձերը մեծապես պայմանավորված են անձի հարմարման հետ:
«Մենք այսօր խնդիր ունենք՝ մեր զինվորը պատրաստված չի գնում բանակ, մեր սպաները զինվորների հետ աշխատանքի կազմակերպման խնդիր ունեն, մեր սպաները զինվորներին մարտական դիրքեր տանելիս չեն գնահատում նրանց հոգեբանական պատրաստվածությունը ու ունակությունը: Մարտական ծառայություն իրականացնելիս չի գնահատվում ոչ լուրջ տագնապայնությունը, ոչ որոշում կայացնելու ունակությունը, առհասարակ հոգեվիճակը: Եվ նմանատիպ բացթողումների պարագայում մենք չենք կարողանա ունենալ առողջ զինվոր, որը կատարում է առողջ ծառայություն: Հետևապես մենք ունենք առհասարակ հոգեբանական դաշտի գնահատման խնդիր»:
Նրա խոսքերով՝ այսօր իրենք փորձում են ՊՆ-ի հետ համագործակցել, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կստացվի: Չնայած դեռ ոչ մի գրություն չի ուղարկվել, բայց փորձում են պարզել՝ քրեածին իրավիճակի վերլուծություն արվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Վերջապես ինքնասպանությունները շատ նորմալ ու շատ ուղղակի կոնֆլիկտային իրավիճակում առաջացող խնդիրներ չեն: Սրանք շատ լուրջ հետազոտության առիթ են տալիս, շատ լուրջ հետազոտության հիմքեր են տալիս, որպեսզի հասկանանք, թե ի՞նչն է դրդում 18-25 տարեկան երիտասարդներին, տղամարդկանց դիմել ինքնասպանության: Այսինքն՝ այդ ի՞նչ իրավիճակներ են լինում, երբ անձը տվյալ իրավիճակը գնհատում է անլուծելի, անելանելի և գնում է այդ քայլին: Ինքնասպանության գաղափարը՝ որպես այդպիսն, եթե վերլուծության ենթարկենք, ինքը պետք է ունենա սուիտիտալ միտք, դիրքորոշում, որից հետո ամրապնդի ինքնասպանություն գործելու իր ցանկությունը, իսկ դրանից հետո որոշի ինքնասպանություն գործելու կամ գործիքը, կամ տեխնիկական հնարավորությունը, հետո նոր կատարի ինքնասպանություն: Ասել է թե՝ սա ժամանակ է պահանջում: Եթե ոչ, պետք է հասկանալ նաև այդ զիծառայողների ներանձնային վիճակը: Հասկանալ պաթոլոգիկ աֆեկտի ժամանա՞կ է կատարվել այդ քայլը, աֆեկտի ժամանա՞կ է կատարվել, որը այսօր չի արվում»,- ավելացրեց հոգեբանը:










































