Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) Նախարարների խորհրդի նախագահողի պաշտոնում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Թուրքիայի կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Ալի Բաբաջանը։
Նշվում է, որ 2011 թվականին Նախարարների խորհրդում նախագահում էր Ֆրանսիան։ Բաբաջանի խոսքերով՝ Թուրքիան՝ որպես կայուն զարգացող տնտեսություն ունեցող երկիր, կարող է արժանիորեն նախագահել OECD-ի Նախարարների խորհրդում։ Նա հավելել է, որ Թուրքիան OECD-ի այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որը չի միջամտում երկրի բանկային հատվածի գործունեությանը։
Հիշեցնենք, որ OECD-ը հիմնվել է 1948 թվականին՝ Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպություն անվանմամբ։ OECD-ը պետք է կոորդինացներ Մարշալի պլանի շրջանակներում Եվրոպայի տնտեսական վերականգնման նախագծերը։
Ներկայումս Փարիզում շտաբ-կայան ունեցող OECD-ի կազմում ներառված են 34 երկրներ։








































