«Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցացիայի» նախագահ Միքայել Մելքումյանը ասաց, որ ամբողջ Հայաստանը սեյսմակայուն տեսանկյունից շատ խոցելի վիճակում է: Երևան քաղաքում կա 41 հազար շենք-շինություն, որից 32 հազարը բնակելի հին տներ են: Ըստ Միքայել Մելքումյանի՝ այդ շենքերը ֆիզիկապես մաշված են, և նրանց ռիսկի մակարդակը բարձր է: Միքայել Մելքումյանը նշեց, որ սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի են նաև դպրոցները, սակայն մեր սեփական պետական այրերը գերադասում են ոչ թե այդ մասին մտածել, այլ ճանապարհներ են կառուցում, ինչն ավելի եկամտաբեր է: Նա այս ամենը բացատրում է Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակով: Միքայել Մելքումյանն ասաց, թե ինքը համոզված չէ, որ Երևանի նորակառույց շենքերը հուսալի են, քանի որ շինարարությունը դիտվում է սոսկ որպես բիզնես: