«Ձեր տղաներին լավ դաստիարակեք, մեզ հանձնեք, որպեսզի բանակում նման դեպքեր չլինեն». այսօր նախագահական նստավայրի մոտ հավաքված որդեկորույս մայրերի այն դիտարկմանը, թե բանակում սպանում են իրենց տղաներին, նման պատասխան տվեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը` հավելելով՝ հայոց բանակում շարքային զինվորը պաշտպանված է, ինչի հետ չհամաձայնեցին հավաքված ծնողները:
«Իրենց թվում է, թե կլոր սեղաններով, կարգապահական գրքույկներ հանելով հնարավո՞ր է փոխել ստեղծված իրավիճակը: Իհարկե ոչ: Սպանդանոց է ձեր բանակը»,- ասաց «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության հեղինակ Լալա Ասլիկյանը Վարդան Ղուկասյանին: Բողոքի ակցիայի մասնակիցները և որդեկորույս մայրերը «ա-մոթ» վանկարկելով ճանապարհեցին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչին` այդպես էլ չընդունելով ռազմական ոստիկանություն գնալու հրավերը, որտեղ, ըստ նրա, և լրագրողները, և որդեկորույս մայրեը կստանային իրենց բոլոր հարցերի պատասխանները: