Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի Տեխնիկական համալսարանում բացել է ուսումնական, գիտական ու փորձագիտական լաբորատորիա։
Նոր տեխնոլոգիական կենտրոնում Սաակաշվիլին անձամբ ծանոթացել է այն բոլոր տեխնոլոգիական նորարարությունների ու գործընթացների հետ, որոնք տեղում շինարարական ոլորտի համար անհրաժեշտ նյութերի ամրության թեստ անցկացնելու հնարավորություն են ընձեռում։ Լաբորատորիայում հնարավոր է նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
Սաակաշվիլին հայտարարել է, որ լավ հագեցված տեխնոլոգիական կենտրոնն ու որակյալ մասնագետները մեծ հնարավորություններ են ընձեռում երկրի զարգացման և աշխատանքի տեղավորման համար.
«Վրաստանը շինարարության ոլորտում օժտված է վիթխարի պոտենցիալով, այստեղ կան կադրեր, որոնք բավարարում են միջազգային շուկայի պահանջներին։ Այսօր ավելի շահավետ է դարձել տեխնիկական ոլորտում կրթություն ստանալը։ Դրա համար էլ դիմորդների մեծ մասը, հումանիտար գիտությունների փոխարեն, սկսել է նախապատվությունը տալ տեխնիկական ոլորտի յուրացմանը։
Տնտեսության և շինարարության առաջընթացի հետ մեկտեղ, գոյություն ունի զարգացման երկու ճանապարհ. ա) Երբ գոյություն ունի շատ նավթ ու գազ, և կարելի է ոչինչ չանել։ Օրինակ՝ կգան չինացիները, թուրքերը, գերմանացիները և ամեն ինչ կկառուցեն։ բ) Երբ ոչինչ չկա, երբ դու պետք է սովորես, հնարես և կառուցես այլոց համար։ Հենց այս երկրորդ տարբերակն էլ մեր զարգացման ուղին է, քանի որ, վերջին հաշվով, առաջին տարբերակը հանգեցնում է ազգային զարգացման կանգնեցմանը։
Հենց այդ պատճառով էլ նավթային ասեղի ու կոռուպցիայի վրա նստած Ռուսաստանին չհաջողվեց ստեղծել նոր տեխնոլոգիական կենտրոն։ Մինչդեռ մենք առաջ ենք քաշում բոլոր տաղանդավոր անձանց, ստեղծում ենք նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիական կենտրոններ և զարգացնում ենք մեր երկիրը»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե համաշխարհային շուկայում իրենց նշանը պետք է դառնա հիդրոէլեկտրակայանների (հէկ) շինարարությունը. «Հիդրոէներգետիկայի տեսանկյունից մենք 1980-ական թվականներին գտնվում էինք համաշխարհային մակարդակի վրա։ Այժմ մենք տեխնոլոգիական առումով որոշակի հետընթաց ենք ապրել, դրա համար էլ պետք է մեծ ուշադրություն հատկացնենք դրան։ Մեր «նոու-հաու»-ն պետք է լինի լավ շինարարությունը։
Մենք արդեն սովորել ենք կառուցել ամենաարագ տեմպերով, հնարավոր է՝ մենք անցնենք թուրքերին ու հասնենք չինացիներին։ Կատարելապես իրատեսական է այն նպատակը, որ համայն աշխարհում ամենաարագ ու որակյալ ձևով հէկեր կառուցելու են վրացիները։ Դրա համար մենք պետք է մարդկանց գործուղենք Եվրոպա, Ասիա և Աֆրիկա։ Մենք հետամնաց, տնտեսապես անփորձ երկիր չենք, որ օտարերկրացին գա այստեղ և ինչ-որ բան կառուցի»։









































