Թուրքական աղբյուրները հայտնում են, թե վերջին շրջանի լարվածությունը, որ գոյություն ուներ Իսրայելի և Թուրքիայի միջև, զգալիորեն կմեղմվի: Ավելին, արաբական «Al-Khura» հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական կողմը դրական է պատասխանել թուրքական պահանջների մեծ մասին և պատրաստվում է ներողություն խնդրել «Խաղաղության նավատորմի» հետ կատարվածի համար: Այս մասին հաղորդում է իսրայելական Cursor կայքը: Կայքը նաև տեղեկացնում է, որ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Յոզեֆ Չեխանովերը հանդիպել է Ժնևում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի հետ և քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները:
Այն, որ որոշակի փոփոխություններ եղել են թուրք-իսրայելական հարաբերություններում, ցույց տվեցին վերջին դեպքերն Իսրայելում, երբ անտառային հրդեհներն Իսրայելի հյուսիսում պատճառ հանդիսացան Իսրայելի և Թուրքիայի ղեկավարների միջև հարաբերությունների վերականգնմանը: Այն ժամանակ հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետն օգնություն էր ցուցաբերել Իսրայելին հրդեհաշիջման աշխատանքներում, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն շնորհակալություն էր հայտնել նրան` ակնկալելով հարաբերությունների բարելավում առաջիկայում: