Երբ ուսումնասիրում ենք բանակում կատարվող հանցագործությունները, գալիս ենք այն եզրակացության, որ որոշ հրամանատարներ իրենց ղեկավարած զորամասերն ուղղակի դարձրել են հանցագործներ պատրաստելու դարբնոցներ: Այդ առումով աչքի են ընկնում հատկապես Մարտակերտի որոշ զորամասեր, որտեղ մտած մաքուր անցյալով` չդատված, զինվորներն այնտեղից դուրս են գալիս հանցավորի պիտակով կամ պոտենցիալ հանցագործի կարգավիճակով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` այս տարվա օգոստոսի 11-ին 2 տարվա ազատազրկման էր դատապարտել Մարտակերտի զորամասերից մեկի կադրային սպա, զինվորական բարձրագույն կրթությամբ Վասիլ Ծառուկյանին` իշխանազանցության համար: Լինելով զորամասում հրետանային դիվիզիոնի ավագ սպա, կոչումով լեյտենանտ, հանդիսանալով պետ, Վ.Ծառուկյանը հանձնարարություն է տվել նույն մարտկոցի հաշվարկող, շարքային Դերենիկ Անանյանին` կազմել դասընթացների պլան-համառոտագիր: Դե վերջինս էլ դասընթացների պլան-համառոտագիրը ոչ ճիշտ թեմայով է կազմել, ինչի պատճառով էլ պետ Ծառուկյանը դիտողություն է արել Անանյանին և հանձնարարել նրան այն վերակազմել:
Զինվորը դրանից դժգոհել է (համենայնդեպս, պաշտոնական վարկածներում միշտ նման անհեթեթ, որոշ դեպքերում` գուցե ճիշտ, պատճառներ են նշվում), ինչին լեյտենանտը զայրույթով է պատասխանել. Վասիլ Ծառուկյանը անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով` խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու և իր գերակայությունն ընդգծելու նպատակով ծեծել է Անանյանին, որի ընթացքում ապտակել, ճմկտել, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Այսինքն` էական վնաս է հասցրել շարքային Դ.Անանյանի առողջությանը, զինվորական ծառայության շահերին և ՀՀ ԶՈՒ կանոնագրքերով սահմանված` պետ-ստորադրյալ հարաբերություններին: Ամբաստանյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը և միջնորդել է դատարանին` արագացված դատաքննություն կատարել, որը բավարարվել է:
Դատարանը ամբաստանյալ Վասիլ Ծառուկյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս, պահպանելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, հաշվի է առել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` ամբաստանյալը առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, ծառայության վայրից բնութագրվում է դրականորեն, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, երիտասարդ կադրային սպա է, կատարածն ընդունելը և զղջալը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Բացի դա, հաշվի է առնվել, որ տուժող Դ.Անանյանը բողոք, պարտք ու պահանջ չի ներկայացրել: Այդուհանդերձ, դատարանը որոշել է Վասիլ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց` չհեռանալու մասին ստորագրությունը փոխել կալանքով և նրան դատապարտել 2 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական երկրորդ ատյան և խնդրել պատիժը պայմանականորեն չկիրառել:
Այս զորամասը վերջերս ևս երկու զինվորի կենսագրության վրա էլ է հասցրել բիծ թողնել. նույն` Սյունիքի մարզի դատարանը այս տարվա օգոստոսի 5-ին սպա Մուրադ Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր.օր.-ի 360-րդ հոդվածի 2-րդ մասով և նշանակել պատիժ` ազատազրկում 3 ամիս ժամկետով, իսկ շարքային, ժամկետային զինծառայող Դավիթ Եսայանին` նույն մեղադրանքով նշանակել է պատիժ` կարգապահական գումարտակում պահելով 4 ամիս ժամկետով, և հենց դատարանի դահլիճում կալանքի վերցնելու որոշում կայացրել: Ի՞նչ են արել այս երիտասարդները:
Նրանցից երևանցի, 26-ամյա Մուրադ Պողոսյանը, ՀՀ քաղաքացի, բարձրագույն զինվորական կրթությամբ (ամուսնացած, խնամքին մեկ մանկահասակ երեխա, նախկինում չդատված), լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, կոչումով ավագ լեյտենանտ, հանդիսանալով պետ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` ֆիզպատրաստության դասընթացների մասնակցելու համար շարքում կանգնելու իր կողմից օրինական և սահմանված կարգով տրված հրամանը կատարելուց հրաժարվելու պատճառով 2011թ. մայիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի մոտ անպարկեշտ ձևով ստորացրել է իր նկատմամբ ստորադրյալ, շարքային Դավիթ Եսայանի պատիվն ու արժանապատվությունը` ապտակել նրան:
Վերջինս էլ պետի այդ վերաբերմունքն անպատասխան չի թողել` բռունցքով հարվածել է Մ.Պողոսյանի դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, դրանով իսկ անպարկեշտ ձևով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Արդյունքում 8-ամյա կրթությամբ դիլիջանցի երիտասարդը և նորաթուխ կադրային սպան իրենց զինվորական (և ոչ միայն) կենսագրությունը քրեական օրենսգրքի հոդվածների փորձություններով են սկսել:
Բայց այստեղ մեղավորը նրանք չեն, այլ սպային «կրթող»` զինվորական դաստիարակություն տվող զինղեկները, ովքեր չեն կարողացել ապագա սպային ճիշտ բացատրել զինվորի հետ վարվելու, ենթարկեցնելու օրինական կանոնները, կամ` հենց զորամասի հրամանատարությունը, որը օրենքին խորթ միջավայր է ստեղծել և դիվիզիոնների հրամանատարներին «իրավունք» տվել` զինվորներին ծեծելով, ստորացնելով ենթարկեցնել: Եթե զորամասի հրամանատարական կազմի ընտանիքներում նորմալ վիճակ է, ընտանիքի անդամները մեկը մեկին չեն «հոշոտում» սխալի համար, ուրեմն այդ սպաները զորամասում ուղղակի հանցագործությունները ծաղկեցնելով և, հավանաբար, փող աշխատելով են զբաղված: Ուրիշ բացատրություն կա՞…










































