Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում ավելի քան 200 զինվոր թունավորվել է սննդից: Ռազմաբազան գտնվում է երկրի հյուսիսում` Մազարի-Շարիֆ քաղաքի մոտակայքում: Այս մասին հաղորդում է France-Press գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ թունավորվել է 206 զինվորական, որոնցից 138-ը գերմանացիներ են: Ճաշարանը, որտեղ նրանք ճաշել են, գտնվում է «Մարմալ» ռազմական բազայում: Թունավորման պատճառները դեռևս հայտնի չեն:
«Մարմալը» համարվում է խոշորագույն ռազմաբազաներից մեկը, որը տեղակայված է Գերմանիայի սահմաններից դուրս: Բացի գերմանացիներից, այնտեղ ծառայում են նաև զինվորներ ԱՄՆ-ից, Խորվաթիայից և ՆԱՏՕ-ի մեջ մտնող 14 այլ երկրներից: Ռազմաբազայում միջազգային կոալիցիայի 5000 զինվոր և սպա կա: