News Georgia-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ից վրացական դպրոցներում ներդրվում է էլեկտրոնային մատյաններ, որոնք ծնողներին հնարավորություն են ընձեռում օնլայն ռեժիմով հետևել իրենց երեխաների առաջադիմությանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտարարել է կրթության նախարար Դմիտրի Շաշկինը։
Վերջինիս խոսքերով՝ էլեկտրոնային մատյանների շնորհիվ ծնողները կարող են ստանալ SMS հաղորդագրություններ կամ էլ դպրոցի կայքի միջոցով հետևել իրենց երեխաների առաջադիմությանը. «Նոր ծրագիրը նոյեմբերի 1-ից սկսելու է գործել Թբիլիսիի մի շարք դպրոցներում, իսկ նոր տարուց սկսած՝ պլանավորված է այն ներդնել Վրաստանի բոլոր դպրոցներում։
Մենք մշակել ենք էլեկտրոնային ռազմավարություն, որը միտված է կրթական համակարգի թափանցիկության ապահովմանը և իրենց երեխաների կրթական գործընթացում ծնողների ավելի ակտիվ ներգրավմանը։ Միացյալ էլեկտրոնային ռազմավարության շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է աշակերտների ու ուսուցիչների միացյալ բազա»։
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանն էլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե 2013 թվականին Վրաստանում անհնար կլինի տեսնել դպրոց, որ անբարեկարգ վիճակում կգտնվի. «Ավելին, 2013 թվականից սկսած` մեր դպրոցները կլինեն ավելի լավ վիճակում, քան Ամստերդամում և Կոպենհագենում գործող դպրոցները»:









































