Կոլումբիայի Բարբասոաս քաղաքում կանայք դադարեցրել են գրեթե 4 ամիս տևած սեքսադուլը:
Հունիսի 22-ին կանայք հայտարարել էին, որ իրենց ամուսինների հետ սեքսով չեն զբաղվի այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չսկսեն իրենց քաղաքը Պաստո վարչական կենտրոնի հետ կապող ճանապարհի շինարարությունը: 57 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը սկսվել է երեքշաբթի: Դրանով 6 ժամով կկրճատվի երկու քաղաքների միջև ընկած ճանապարհը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ճանապարհի շինարարությունը սկսել են հենց կանանց բողոքի պատճառով: Քաղաքապետի խոսքով` իր կինը սեքսադուլի ամբողջ ընթացքում առանձին սենյակում է քնել:
Գործակալությունը, սակայն, չի նշում, թե քանի մարդ է մասնակցել տարօրինակ ակցիային: