Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ուկրաինական День թերթին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Դա ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անպայմանորեն ճանաչում, որի «20 տոկոսը» ներկայումս «օկուպացված» է։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս քաղաքական ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Դրա հետ մեկտեղ, առաջանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հարցը։ Վերջին շրջանում ակտիվ ջանքեր էր գործադրում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, սակայն Կազանի հանդիպման ձախողումից հետո գործընթացում որոշակի դադար տիրեց։ Օգոստոսին Սոչիում Մեդվեդևը հանդիպեց Ալիևի հետ։
Մենք հուսով ենք, որ Ռուսաստանն ուղղումներ կմտցնի իր գործողություններում և Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների հետ կփորձի ակտիվացնել գործընթացը։ Սակայն գնալով հայկական կողմն «ավելի ագրեսիվ» է դառնում. Սերժ Սարգսյանի նյու յորքյան եույթը, Հայաստանի կողմից հարձակողական զենքի գնումը։
Ինձ թվում է, թե Հայաստանը «միտումնավոր փորձում է հրահրել» ճգնաժամ՝ հույսը դնելով ռուս խաղաղապահների արագ մասնակցության վրա։ Համանման սցենարով հարևան երկրում (Վրաստան) ընթացան 2008 թվականի օգոստոսյան զարգացումները։ Դժվար չէ կռահել, թե այդպիսի ճգնաժամի զարգացումը ինչպիսի բացասական հետևանքներ կարող է ունենալ։
Ադրբեջանը շահագրգռված չէ որևէ ճգնաժամով։ Մենք շահագրգռված ենք հանգիստ, նորմալ պայմանավորվածություններում, որոնք կապահովեին մեր երկրի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, բնակչության վերադարձը, հաղորդակցության ուղիների վերականգնումը»։








































