Հազարավոր հայ երկրպագուներ նամակ են գրել Պլատինիին` պահանջելով ցմահ որակազրկել մրցավար Գոնսալեսին:
Հայ երկրպագուները, վրդովված Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ մրցավարի անցկացրած խաղից, նամակներ են ուղարկում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին` պահանջելով որակազրկել իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսին:
Նամակի բովանդակությունը հրապարակված է Facebook սոցցանցում ստեղծված հատուկ էջում, որտեղ նշված է ՈՒԵՖԱ-ի տեղեկատվական ծառայության էլեկտրոնային հասցեն:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Եվրո-2012-ի շրջանակում կայացած Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի 26-րդ րոպեին մրցավար Գոնսալեսը կարմիր քարտ է ցույց տվել Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն` ենթադրելով, որ նա խախտել է օրենքը` ձեռքով դիպչելով գնդակին:
Խաղի օրենքները խախտել է իռլանդացի հարձակվող Սայմոն Քոքսը, որը ձեռքով է դիպչել գնդակին: Ավելի ուշ «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ ինքն է խախտել օրենքը այն ժամանակ, երբ հայ դարպասապահը անգամ չի դիպչել գնդակին:
Փաստը, որ Կոքսը խաղացել է ձեռքով, ակնհայտ երևում է խաղի կրկնությունից:
Հայաստանն առաջին անգամ էր պայքարում Եվրո-2012-ի համար և այդ հնարավորությունից զրկվել է հենց նրա պատճառով:
Մենք ակնկալում ենք ձեր` որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստի ու հասարակական գործչի միջամտությունը: ՈՒԵՖԱ-ն պետք է պատժի մրցավար Գոնսալեսին ու նրան զրկի հետագա գործունեությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նամակների թիվն անընդհատ մեծանում է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Դուբլինում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Իռլանդիային 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականը պարտվեց նաև մրցավարական սխալի պատճառով, երբ դաշտից հեռացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: