Դեկտեմբերի 6-ին տարանցիկ այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն:
Խորհրդակցությանը անդրադարձ կատարվեց հանրապետության նախագահի ուղենիշների և նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին Աստանայում ս.թ. դեկտեմբերի 1-2-ը կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները:
Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի պատվիրակությունը, Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին: Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:
Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը Բրյուսելից կուղևորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: