Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն առաջարկել է փոխել գահաժառանգության կանոնները, մասնավորապես՝ թույլատրել բրիտանացի միապետերին ամուսնանալ կաթոլիկների հետ և հավասարեցնել միապետերի որդիների ու դուստրերի ժառանգման իրավունքները:
Այժմ մեծ Բրիտանիայում գործում է 1701 թ. Գահաժառանգության ակտը: Քեմերոնի առաջարկած փոփոխությունների համաձայն` գահը կժառանգի միապետի ավագ երեխան, մինչդեռ այս պահին առաջնայնությունը տրվում է որդիներին:
Բրիտանիայի կառավարության ղեկավարն իր առաջարկը հիմնավորել է կյանքի բոլոր բնագավառներում սեռերի հավասարությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Քեմերոնը նաև առաջարկել է թույլատրել միապետերի ամուսնությունը կաթոլիկների հետ, չնայած թագավորին և թագուհուն` որպես Անգլիկան եկեղեցու առաջնորդների, կարգելվի դավանել կաթոլիկություն:
Այս առաջարկները ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Ազգերի բրիտանական համագործակցության 15 անդամ երկրների համաձայնությունը, որոնցում պետության ղեկավար է համարվում Մեծ Բրիտանիայի միապետը: Բուկինգհեմյան պալատը այդ հարցի շուրջ քննարկումներում որևէ մասնակցություն չի ունենա:











































