Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Սերբիային տրամադրել Եվրոպական Միության անդամության թեկնածուի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Սակայն նշվել է, որ Սերբիայի հետ բանակցությունները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ կարգավորվեն Կոսովոյի կարգավիճակի շուրջ խնդիրները:
Բելգրադն անդամակցության հայտ ներկայացրել էր դեռ 2009 թ., սակայն այդ գործընթացի սկսելուն խանգարում էր մի շարք սերբ նախկին զինվորականներին Միջազգային քրեական դատարանին չհանձնելու հանգամանքը: Ռատկո Մլադիչին ձերբակալելուց և Հաագայի դատարանին հանձնելուց հետո Սերբիայի անդամակցության գործընթացն ավելի ակտիվացավ:
Եվրահանձնաժողովը միաժամանակ որոշում է կայացրել բանակցություններ սկսել Չեռնոգորիայի հետ, որը նույնպես ստացել է ԵՄ-ին անդամության թեկնածուի կարգավիճակ: Բացի այդ, մերժում է ստացել Ալբանիան, քանի որ այդ երկիրը դեռևս չի կատարել Եվրամիության կողմից առաջ քաշված բոլոր պահանջները:










































