Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ջրբաժան կրթության և տգիտության միջև

Այսօր ԱԶԳ թերթում տպագրված Նարինե Մկրտչյանի հոդվածը տպագրվել է որոշ կրճատումներով` առանց հեղինակի հետ համաձայնեցնելու: Հեղինակի խնդրանքով հոդվածը տեղադրում ենք մեր կայքում` ամբողջությամբ:

Մինչ Բագրատաշենի ճանապարհահատվածում տեղի ունեցած աղետալի սողանքից մարդիկ, պետության անկազմակերպվածությունից հուսահատ, տագնապած փնտրում էին իրենց հարազատներին, մինչ Ազատության հրապարակում գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսները վրաններ էին տեղադրում, այդ ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ զբաղված էին համազգային կարևորության խնդրով` գնահատական հաջողացնել ուսման հետ հեռավոր առնչություն իսկ չունեցող մի ուսանողի համար։

Մեծ գործերը մեծ զոհեր էին պահանջում, և դրա համար պետք էր զատորոշել բոլոր թիրախները` դրանք առնվազն վնասազերծելու համար։ Մեծ գործերը նաև մեծ ռիսկ էին պահանջում, թեպետ այդ ռիսկի ձգտումը կամ դրան բախվելու անխուսափելիությունը կարող էր բթացնել անգամ պատգամավորական ամենագործուն և արթուն բնազդը` փաստերի և գործելակերպի հանրայնացման վտանգի զգացողությունը։ Սա էր այն իրավիճակը, որտեղ հայտնվել էին երկու ուսանողներ։ Մեկը` Արթուր Թադևոսյան անուն-ազգանունով, որի գնահատականը հաջողացնելու պայքարը սկսվել էր ավելի վաղ` ամիսներ առաջ, որոնց ընթացքում ուսանողը չփորձեց ձեռք բերել գիտելիքների նվազագույն պաշար։

Նույն իրավիճակում էր հայտնվել մյուս ուսանողը` Լևոն Մնացականյանը, որի համար ոչ ԱԺ պատգամավորներն էին անհանգստացած, ոչ էլ անգամ ինքը` ուսանողը, որը մի քանի անգամ չէր ներկայացել քննության։ Երկու ուսանողների նպատակը նույնն էր` հայկական արատավոր ավանդույթի ուժով գնահատական կորզել առանց սովորելու, և այդ նպատակին հասնելու համար միավորյալ ուժերով ապահովել քրեական միջավայրը բուհում, ինչը և հաջողությամբ իրականացվեց։

Արդյունքում` արդեն երրորդ անգամ նույն քննությունն ընդունող հանձնաժողովը (թվով հինգերորդ լուծարքային շրջանում) չէր կարողանում հաղթահարել քննասենյակից հեռանալու ճանապարհի թեժացող դիմակայությունը, որն ուղեկցվում էր հայհոյանքներով, սպառնալիքներով, ճանապարհին նրանց կարգի հրավիրող մեկ այլ դասախոսի վրա հարձակվելով։

2011 թ. հոկտեմբերի 6-ին Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քննասենյակից դուրս գալուց հետո ես, որպես քննող դասախոս, ԵՊՀ-ի տարածքից կարողացա դուրս գալ միայն անվտանգության համակարգի աշխատակիցների հետ։

Օրինականության և արդարության մասին հայկական ավանդական պատկերացումների համաձայն նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհն անցնում էր այդ նույն օրինականության և արդարության թփերը ոտնատակ տալու միջով։ Անօրինականության և անարդարության մասին հայկական ժամանակակից պատկերացումների համաձայն հայկական միջավայրը չի կարող գոյատևել առանց անօրինականության և անարդարության, որոնց մեջ ներքաշված են իշխանությունն ու հասարակությունը, պետությունն` ամբողջությամբ։ Ըստ այդմ` խնդիրը հանգում է օրինականության և արդարության մասին հայկական ավանդական և արդի պատկերացումներին հարմարվելուն կամ դրանց հակադրվելուն։

Ջրբաժանն այդտեղ է, և հայկական հանրության անդամների միջև տարբերությունը առաջանում է կամ ակնհայտ է դառնում հենց այդ ջրբաժանի մոտ։ Ես ջրբաժանի այս կողմում էի` հակադրվողների, հանգամանք, որը ոչ միայն մտահոգում, այլև հունից հանում էր ջրբաժանի հակառակ կողմում գտնվող և քննող դասախոսի ու հանձնաժողովի վրա շարունակաբար ճնշում գործադրող ԱԺ պատգամավորներին, նախկին և ներկա այլ պաշտոնատար անձանց։ Թեպետ ջրբաժանի նրանց կողմում գտնվողների թվաքանակը Հայաստանում մեծանում է, ինչպես հուսահատությունը։

1.
Կրթությունը, ինչպես ընտրությունները

Դասախոսական աշխատանքի տասներեքամյա իմ փորձը հնարավորություն և իրավունք է տալիս ինձ որոշակի եզրահանգումներ անել բարձագույն կրթական համակարգի, ուսումնական գործընթացների, ընդունելության քննական կարգի փոփոխությունների, 3-4 անգամ փոխված ուսանողական սերունդների և այդ ամենի հանդեպ հասարակության և պետության կեցվածքի մասին։ Միաժամանակ, ցանկացած եզրահանգում միակողմանի, թերի և անստույգ կլինի, եթե հայաստանյան կրթական համակարգը դիտարկվի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներից դուրս։ Եվ ինչպես սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական ոլորտներում, այնպես էլ կրթական ոլորտում չլուծված բազմաթիվ խնդիրներ, չշտկված սխալներն այնքան են կարծրացել, որ վերածվել են անհաղթահարելի խոչընդոտների։

Եվ ինչպես կրթական համակարգի արատները հնարավոր չէ դիտարկել համընդհանուր գործընթացներից զատ, այնպես էլ կրթական ողջ համակարգը` հանրակրթությունը և բուհական եռաստիճան համակարգը անհնար է դիտարկել միմյանցից զատ։ Միաժամանակ, ավելի բազմակողմանի վերլուծությունը թողնելով ավելի խաղաղ ժամանակների և առաջնորդվելով միայն դատողությունների և եզրահանգումների տեսությամբ, հարկ է ընդգծել, որ փլուզված հանրակրթության պայմաններում բուհերը զանգվածորեն ստանում են վատ, թերուս, կիսագրագետ ուսանողներ, որոնցից մասնագետ պատրաստելը ոչ միայն դժվար է, այլև` անհնար։ Դրանով իսկ սկիզբ է դրվում բուհական կրթության արժեզրկմանը, որի առաջին գործոնը հանրակրթության փլուզումն է։

Այդ արժեզրկմանը նպաստող երկրորդ գործոնն այն է, որ ընդունելության միասնական համակարգը, որքան էլ լուրջ առավելություններ ունի նախորդ համակարգի համեմատ, այնուամենայնիվ, կրում է հայկական օրինազանցության խոր կնիքը, որի հետևանքը սովորել չցանկացող, տգետ ու անուսում ուսանողների զանգվածային «արտադրությունն է»։ Արդյունքում` բուհը դառնում է հանրակրթության և միասնական քննությունների արդյունքների դակիչը։ Այսօրինակ իրավիճակի արատների խորացմանը նպաստում է բուհական կրթության արժեզրկման հաջորդ` երրորդ գործոնը` բուհերում տիրող ոչ պակաս արատավոր բարքերը և դրանց դեմ պայքարելու անզորությունը կամ նման ցանկության բացակայությունը։

Վերջնարդյունքում` մասնագետ դառնալու ցանկությունն ու նպատակը պահպանում են փոքրաթիվ ուսանողներ, որոնք էլ իրենց հերթին իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ։ Եվ այսօրինակ իրողությունների հետևանքով երկրում առաջանում է ոչ թե պարզապես կադրային, մասնագիտական քաղց, այլ սկսվում է մյուս ոլորտների և ենթակառուցվածքների քայքայումը, քանի որ անուս ուսանողը դառնում է այս կամ այն ոլորտի ղեկավարը։ Տարիներ առաջ քննությունից հերթական անբավարարը ստացած մի ուսանող անկեղծորեն պատմեց, որ մյուս դասախոսներին ասում է, որ իրեն միայն դիպլոմ է պետք և որ ինքը չի պատրաստվում մասնագիտությամբ աշխատել, իրեն «բավարար» նշանակում են, իսկ դուք` (ես) չեմ նշանակում։ Ինչու` հետաքրքրվում էր ուսանողը։ «Որ նախարար չդառնաս»,- անկեղծորեն պատասխանեցի։

Բուհական կրթության արժեզրկման չորրորդ գործոնը վճարովի կրթական համակարգի ներդրում է, կրթությունը բիզնեսի վերածելու մերժելի պետական ուղեգիծը։ Պետական ֆինանսական չնչին հատկացումներ ստացող բուհերը ինքնաֆինանսավորման խնդրին հետամուտ` փորձում են նվազագույնի հասցնել քննական «անբավարարները», որ բուհը չզրկվի մեծաթիվ ուսանողների վարձավճարից։ Այս հանգամանքը ուսանողների` չսովորելու վահանն է, և ստացվում է այսպես` վճարում եմ` գնահատական դրեք, այլ ոչ որակյալ կրթություն ապահովեք։

Բարձրագույն կրթության արժեզրկման հինգերորդ գործոնը ավարտական վկայականի` դիպլոմի համար մղվող հայոց համազգային պայքարն է, որը իսկական փորձանք է դարձել մի շարք դասախոսների գլխին։ Ըստ Հայաստանում գործող ուսումնական նոր` Բոլոնիայի համակարգի, բոլոր ուսանողները չեն, որ կարող են բակալավրիատի ստացած քառամյա ուսումը շարունակել երկրորդ աստիճանում` մագիստրատուրայում։

Սակայն նույն բոլոնյան համակարգը հնարավորություն չի տալիս տարբերակել բակալավրիատի դիպլոմները։ Այստեղ նոր լուծումներ են պետք` կամ ներդնել ազատ ուկնդրի համակարգը և տալ հետևյալ նշումով դիպլոմ` «մասնակցել է ուսումնական գործընթացներին` առանց հանձնելու կիսամյակային և ավարտական քննությունները և ստացել ազատ ուկնդրի դիպլոմ», և կամ ընտրել հայկական տարբերակը` սահմանել գնացուցակ, ինչպես ուսման վարձավճարներն են սահմանվում, և ըստ այդ գնացուցակի վաճառել դիպլոմները հենց բուհ ընդունվելիս` «գնել է իքս մասնագիտության դիպլոմ` ստանալով իքս մասնագետի կարգավիճակ» (ոչ թե որակավորում, այլ կարգավիճակ)։ Ի վերջո` հենց այդ անուս ուսանողներն են (կամ ավելի շուտ` նրանց ծնողները), որ դիմորդ եղած ժամանակ գնում են միասնական քննությունները` սովորաբար փաթեթով։ Ի սկզբանե դիպլոմը վաճառելու դեպքում, չորս, գուցե և ավելի` տարիներ այդ ուսանողները չեն խանգարի ոչ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, ոչ էլ սովորելու ձգտում ունեցող իրենց համակուրսեցիներին։

Բուհական կրթության արժեզրկման վեցերորդ պատճառը հայկական բանակում տիրող արատավոր բարքերն են, իսկ բուհը, հատկապես պետպատվերով ուսուցման համակարգը, դառնում է զորակոչվելուց թաքնվելու ռմբաստարան։ Այս դեպքում լուծման ուղիները հետևյալն են` ա. կամ հայկական բանակը դարձնել կյանքի համար անվտանգ, բ. կամ զորակոչային տարիքի հասած բոլոր արական սեռի ուսանողներին անխտիր զորակոչել բանակ կամ գ. բարձրացնել զորակոչային տարիքը, որ բուհ ավարտելուց հետո բոլոր տղաները պարտադիր զինծառայություն անցնեն։ Քանի դեռ Հայաստանում բանակում տիրող իրավիճակը չի հաջողվել արմատապես բարելավել, հայկական բանակը կմնա կրթական համակարգին արատավոր բարքեր թելադրող հիմնական օղակը։

Բուհական կրթության արժեզրկման յոթերորդ գործոնը կոռուպցիան է, կաշառակերությունը, հովանավորչությունը, որոնք դարձել են հայկական կրթական համակարգի մաշկը։ Կոռուպցիայի հաղթահարման մեխանիզմները նույնքան պարզորոշ են և հստակ, որքան հստակ են կոռուպցիայի սկզբնաղբյուրները` ա. չսովորող, վատ ուսանողները, բ. բուհական համակարգի ցածր աշխատավարձերը, գ. անպատժելիությունը։ Այդպիսի ուսանողները կոռուպցիայի շարժիչ ուժն են, որոնք հետո դառնում են հայաստանյան արատավոր քաղաքական համակարգի սյուները։ Ըստ այդմ` համակարգը առողջացնելու կամ այն կազմաքանդելու ամենակարճ ճանապարհը չսովորող ուսանողներին ուսումնական գործընթացներից դուրս թողնելն է։ Նաև այդ պատճառով է, որ նման ուսանողներին համակարգն ատամներով է պաշտպանում։

Կրթության եվրոպական համակարգի տեղայնցման հայկական փորձը չի հաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական միջավայրը կրթության հետ վարվում է այնպես, ինչպես ընտրությունների հետ։

3.
Մի քննության պատմություն

«Դուք անարխիստ եք։ Դուք ձեր կանոններն ունեք։ Ոչ ոքի ասածը չեք անում, ոչ մեկի չեք լսում», – քննությունից «անբավարար» ստանալով` ըստ այդմ` ամառային քննաշրջանի վերջին հնավորությունը կորցնելով երեսիս շպրտեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից մեկը և դուռը շխկացնելով` դուրս եկավ։ Թեպետ անակնկալի եկա ուսանողի անվայել կեցվածքից, բայց հասկացա պատճառը` նրան «բավարար» նշանակելու միջնորդությունը, որ գալիս էր բացառիկ ազդեցիկ նրա հովանավորից, մերժել էի` «կպատասխանի` կստանա, չի պատասխանի` չի ստանա» ասելով։ Ընթացիկ գրավոր քննություններից մեկի ժամանակ այդ ուսանողից ծածկագիրը վերցրի հենց քննության սկզբից` «հիմա շարունակիր առանց ծածկագրի» ասելով։ Մի քանի րոպե անց նրա մոտից գտա հաջորդ ծածկագիրը, որից օգտվում էր ապշեցուցիչ հմտությամբ։ Զրկվելով քննությունը շարունակելու հնարավորությունից` այդ ուսանողն ասաց. «Բա ո՞նց պիտի լինի»։ «Պիտի պարապես»,-հետևեց իմ պատասխանը։ «Էդ վարիանտ չի»,-ուսանողն անդրդվելի էր։ Սեպտեմբերին վերահանձնելով նույն քննությունը, այդ ուսանողը հաղթահարեց բավարարի շեմը։ Եվ «բավարար» նշանակելով, քմծիծաղով ասացի` հասկացա՞ր, որ պիտի սովորես, ուրիշ տարբերակ չկա։ «Շուտ էի հասկացել»,-համեստորեն ժպտաց ինձ անարխիստ համարող ուսանողը։

Նա, ի բարեբախտություն իրեն և ինձ, հասկացել էր, սակայն նրա կուրսեցիներից երկուսը այսօր էլ դա չեն հասկացել։ «Էդ վարիանտ չի»` այս մտածողությունը արմատակալել է իրենց ամենակարող համարող հայկական որոշ ընտանիքներում, որտեղ այդ ոգով դաստիարակում են հատկապես որդիներին, քանի որ, որպես կանոն, ուսանողուհիները չեն կանգնում նման խնդրի առջև։ Ամենակարողության, ամեն ինչ և ամենքին գնելու արատավոր մտածելակերպը հաղթահարել մեկ ուսումնական կիսամյակում անշուշտ անհնար է, մանավանդ որ` ցանկությունն էլ բացակայում է։ Այդ իսկ պատճառով սկսվում է արատավոր շրջապտույտը` զանգեր, էլի զանգեր, կաշառքի ակնարկներ, ապա և` ուղղակի առաջարկներ։ Չսովորելու և գնահատվելու համար։

Բոլորի նյարդերը չեն, որ դիմանում են, դասախոսների մի մասը «բավարար» նշանակում է անմիջապես, մյուսների համար էլ նման ուսանողները գտնված երազ են, թեպետ և` կոռուպցիոն երազ։ Այդ իսկ պատճառով նման ուսանողները վարժվում են չսովորելով գնահատվելուն։ Տեսնելով, որ իրավիճակը բարդանում է, այդ ուսանողներին ծնողները վերադաստիարակում են այսպես` մի էրկու բան սովորի` գնա։

Բայց այդ «երկու բան» էլ արդեն հնարավոր չի լինում սովորել չսովորելուն վարժված ուսանողի համար, և տոմս-տոմսի ետևից փոխելով` իրականությունը չի փոխվում։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային կառավարման ամբիոնի երկու ուսանողներ այս ուսումնական կիսամյակում ոչ թե պարզապես դուրս մնացին, այլ հեռացվեցին համալսարանից` չվերակագնվելու արգելքով։ Այդ նրանք` Արթուր Թադևոսյանն ու Լևոն Մնացականյանն ու նրանց հայրենակիցներն ու հարազատ շրջապատն էր, որ ԵՊՀ-ում բառացիորեն պատերազմ սկսեց` հայհոյանքներով, սպառնալիքներով, խուլիգնական գոռոցներով։ Լևոն Մնացկանյանը մինչև անգամ հարձակվեց նրան կարգի հրավիրել փորձող դասախոսի վրա, իսկ ինձ էլ սպառնաց` տուն չես հասնի։

Պաշտպանվա՞ծ է, արդյո՞ք, դասախոսը նմաններից։ Բնավ։ Տասը օր անընդհատ նրանցից մեկի` Արթուրի համար զանգահարում էին ԱԺ մի շարք պատգամավորներ` թողած քառօրյա նիստերը, ազգային-ազատագրական պայքարի իրենց ճառերը կամ պատգամավորական մանդատի հետ զուգակցվող տնտեսական գործունեությունը, իսկ նրանցից մեկն էլ անձամբ էր եկել ստուգելու իրավիճակը։

Ես դասավանդում եմ երկու պետական բուհում` ԵՊՄՀ-ում և ԵՊՀ-ում, և մի քանի օրից սկսվում են այս ուս. կիսամյակի առաջին ընթացիկ քննությունները, որին հաջորդելու են երկրորդ ընթացիկ, ապա և` եզրափակիչ քննությունը։ Հետո նույնը շարունակվելու է մյուս կիսամյակում, և եթե այս ընթացքում ԱԺ պատգամավորները և այլ պաշտոնատար անձիք թերևս փորձեն շարունակել իրենց թուրքական արշավանքները, մոռանալով, որ այդ մանդատը չնայած հայկական տարբերակով են ձեռք բերել, սակայն նույն տարբերակով` առանց պարապելու գնահատական ձեռք բերել չեն կարող։ «էդ վարիանտ չի» կամ` «մի երկու բան ասեմ` դրեք» ասելով բուհի դիպլոմ չեն ստանում։

Երբ քննության ժամանակ երկրորդ կուրսն ավարտել փորձող վերոհիշյալ ուսանողներից Արթուրին հարցրեցի, թե ո՞րն է անցումային հասարակությունը, և ինչու՞ են գիտակցության ուղղորդման տեխնոլոգիաները հատկապես արդյունավետ աշխատում այդ հասարակություններում, նա վստահ պատասխանեց` օրինակ Հայաստանը անցումային երկիր է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վիճակը վատ էր, իսկ հիմա` լավ։ Ես և քննությանը մասնակցող ամբիոնի վարիչը թեթևակի ժպտացինք։ Ուսանողին նորից բացատրեցի, և վերջին լուծարքին դարձյալ նույն հարցը տվեցի` ո՞րն է անցումային հասարակությունը։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողը պատասխանեց` դե մենք, քանի որ 20-րդ դարից անցել ենք 21-րդ դար։

Որքան էլ ողբերգական կամ գուցե զավեշտալի է այս պատասխանը, բայց ուսանողի հայտնաբերած նոր սահմանումը արդիական է։ Կրթության նկատմամբ նման վերաբերմունքը պահպանելու դեպքում մենք` ՀՀ քաղաքացիներս, 21-րդ դարից 22-րդ դար չենք անցնի։ Ըստ այդմ` անցումային հասարակությունը սահմանելու-բացատրելու կարիք չի լինի։ Մենք ոչ թե անցումային երկիր կլինենք, այլև պատմության գիրկը հավերժորեն անցած ժողովուրդ։ Եվ այստեղ կրթության և տգիտության միջև ջրբաժանը կվերանա` հայկական տարածքը թողնելով տգիտությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում