Գիտնականները Մարսի թաքնված լավային թունելների ուսումնասիրության համար առաջարկում են նոր տեխնոլոգիական համակարգ՝ «roly-poly» ռոբոտ և հազարավոր փոքր դրոններ։ Մարսում հրաբխային ակտիվության արդյունքում ձևավորվել են երկար ստորգետնյա թունելներ, որոնք դեռ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Սովորական մարսագնացները չեն կարող մտնել այդ տարածքներ, ուստի առաջարկվում է հատուկ ռոբոտ, որը կիջեցվի քարանձավի մեջ և կազատի փոքր դրոններ։
Դրոնները նախատեսված են քամու օգնությամբ տարածվելու և թունելները քարտեզագրելու համար՝ չափելով ջերմաստիճանը, խոնավությունը և այլ տվյալներ։ Դրանք կփոխանցեն տեղեկատվությունը ռադիոկապով։ Գիտնականների խոսքով՝ այս մեթոդը կարող է դառնալ Մարսի ստորգետնյա միջավայրի ուսումնասիրության հիմնական գործիքներից մեկը, քանի որ այն թույլ է տալիս հասնել այն վայրեր, որտեղ ներկայիս ռոբոտները չեն կարող աշխատել։










































