Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ ֆինանսական քաղաքականության դեմ պայքարող բողոքի ակցիայի 21 մասնակիցների: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հայտնել են Չիկագոյի ոստիկանությունից:
Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ուսուցիչները, կրոնական առաջնորդները, արհմիությունների աշխատակիցները շարժվել են քաղաքի կենտրոն: Ցուցարաների խոսքերով` իրենք ցանկանում էին շարունակել ցույցը այն շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում Հիպոթեքային բանկերի ասոցիացիայի կոնֆերանսը:
Չիկագոյում «Գրավեք Չիկագոն» կարգախոսով բողոքի ցույցերը սկսվել են մի քանի շաբաթ առաջ: Դրա համար պատճառ է հանդիսացել Նյու Յորքի «Գրավեք Ուոլ Սթրիթը» համանման ակցիան, որի մասնակիցները բողոքում են ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների չարաշահումների դեմ:
Նման ակցիաներ են տեղի ունենում նաև ԱՄՆ այլ խոշոր քաղաքներում: Անցյալ գիշեր Բոստոնում ձերբակալվել է ավելի քան 120 մարդ: