«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել էին ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ու ՀԺԿ-ից Ֆելիքս Խաչատրյանը:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, և ե՞րբ ՀԱԿ-ը կհասնի Ս. Սարգսյանի հրաժարականին, Ֆ.Խաչատրյանը նշեց. «Հրաժարականի պետք է հասնենք միացյալ ուժերով: Այսօր իշխանությունների կողմից արդեն կեղծիքներ են տեղի ունենում: Թերթերը հինգ օր առաջ գրեցին, որ Տիգրան Մուկուչյանը լինելու է ԿԸՀ նախագահ: Ահա` այսպես են պատրաստվում ընտրությունների»:
«Այդ` հրաժարական-մրաժարական երբեք չի լինելու: Սահմանադրական ոչ մի հիմք չկա` հրաժարականի: Երկխոսությունը կա՛մ կշարունակվի, կա՛մ` ոչ, բայց մենք բնականոն ձևով մտնելու ենք ընտրական գործընթացի մեջ: Իմ կարծիքով` հաղթելու է իշխանությունը, եթե Հայաստանի յոթանասուն կուսակցություն էլ միանան` ՀՀԿ-ի նման հզոր չեն»,- հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը:
«ՀՀԿ-ն հզոր չի, միայն զենքով է ուժեղ: Չորսուկես կիլոգրամ ՀՀԿ-ական տոմս բերեցին, հանձնեցին Ազատության հրապարակում»,- հակադարձեց Ֆ.Խաչատրյանը:










































