Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին գտնում է, որ իր երկրի հավաքականն ի վիճակի է պայքարել՝ Իռլանդիայի հանդեպ հաղթանակ տանելու և Եվրո-2012-ի ուղեգիր ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը:
«Մենք հավատում ենք հաղթանակին: Ամեն ինչ կպարզվի խաղադաշտում: Ֆուտբոլում ոչ մի անհնար բան չկա, և չեմ տեսնում որևէ պատճառ, որ կարող է մեզ խանգարել հաղթանակ տոնելու Դուբլինում: Մեր շանսերը կախված են նրանից, թե որքան հմուտ կլինենք մեր գործողություններում՝ դաշտի կենտրոնում, հարձակման մեջ և իհարկե՝ պաշտպանվելիս: Մենք իռլանդացիներին գերազանցում ենք արագությամբ, և մեր հավաքականում կան անհատական մեծ վարպետություն ունեցող հարձակվողներ»,- ասել է Բերեզովսկին:
Այս խաղում Հայաստանի հավաքականին միայն և միայն հաղթանակ է հարկավոր:









































