2012 թ. հունվարի 1-ից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ուժի մեջ կմտնի մի օրենք, որով արգելվում է ակնհայտորեն կրել կամ մեքենայում պահել նույնիսկ չլիցքավորված զենք: Օրենքը չի տարածվում որսի մասնակիցների, թիրախների վրա կրակողների, ինչպես նաև ոստիկանության կողմից հատուկ թույլտվություն ունեցող անձանց վրա: Իրավախախտներին կսպասվի մինչև մեկ տարվա ազատազրկում և 1000 դոլար տուգանք:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է, որ նույնիսկ չլիցքավորված զենքի բացահայտ կրելը, ոչպես կանոն, ոչ ադեկվատ վերաբերմունք է առաջացնում բնակչության մոտ և հաճախ լարված իրադրության ու չմտածված գործողությունների տեղիք է տալիս:
Ավելի վաղ նահանգապետի այս որոշմանն իրենց համաձայնություն էին տվել Կալիֆոռնիայի ոստիկանության պետերի ասոցիացիան, Լոս Անջելեսի շերիֆների վարչությունը և «Հրազենային զենքի կիրառմամբ բռնությունը կանխելու ընկերություն» հասարակական կազմակերպությունը:
«Այժմ մենք հանգիստ կարող ենք մեր ընտանիքների հետ հանգստանալ հասարակական այգիներում` չվախենալով ինքնակոչ ժողովրդական վրիժառուների բաց թողած փամփուշտից»,- նշել է կազմակերպության ղեկավար Դալլաս Սթաութը:
ԱՄՆ-ի տարածքում այդպիսի օրենք գործում է միայն Ֆլորիդա, Իլլինոյս, Օքլահամա և Տեխաս նահանգներում: