Soccer.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը «Լուժնիկի» մարզադաշտում տեղի ունեցած մարզումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է վաղը Դուբլինում կայացող «Իռլանդիա-Հայաստան» հանդիպմանը.
«Արժանի են բոլորը, սակայն ես կցանկանայի, որ մեր խմբում երկրորդ տեղը զբաղեցներ Հայաստանի հավաքականը։ Իմ այդ ցանկությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև ընդհանրապես նրանով, որ Հայաստանը հետխորհրդային երկիր է։
Բացի այդ, հայերը ոչ միայն վերջին շրջանում, այլև Եվրո 2012-ի ողջ ընտրական մրցաշարում հիանալի հանդես եկան և խփեցին բոլորից շատ գնդակներ։ Հայերն արժանի են»։
Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական մրցափուլում խփած գոլերի (21) քանակով Հայաստանի հավաքականը 6-րդ տեղում է` զիջելով միայն Հոլանդիային (36 գոլ), Գերմանիային (31 գոլ), Շվեդիային (28 գոլ), Իսպանիային (23 գոլ) և Հունգարիային (22 գոլ):