«Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում սկսել են երեխաների վահանաձև գեղձի հետազոտումը, քանի որ «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարի հետևանքով մեծ է շեղումների ռիսկը»,- հայտնում է РИА Новости-ն:
18-ից ցածր տարիքի 360 հազար երեխաներ կհանձնեն ուլտրաձայնային և այլ անալիզներ: Հետազոտությունը կտևի երկուսուկես ժամ, իսկ արդյունքները պատրաստ կլինեն մեկ ամիս հետո: Նախ կստուգվեն առավել բարձր ճառագայթման ենթարկված տարածաշրջանների երեխաները:
Նմանատիպ հետազոտություններ արդեն իրականացվել են Նագանոյի Սինսյու համալսարանի և «Ճապոնական Չեռնոբիլյան հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպության կողմից: Արդյունքում 130 երեխաներից տասի մոտ առկա են եղել վահանաձև գեղձի հորմոնային շեղումներ:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո վահանաձև գեղձի ուռուցքային հիվանդություններ նկատվել են հիմնականում երեխաների մոտ, քանի որ նրանք ավելի զգայուն են ռադիոակտիվ յոդի հանդեպ:
«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարի առաջին օրերին տեղի է ունեցել ճառագայթման արտահոսք՝ դեպի ջուր և օդ, ինչի արդյունքում ռադիոակտիվ յոդի բարձր քանակություն է հայտնաբերվել պրեֆեկտուրայի ջրի, կաթի, թեյի և այլ տեսակի սննդամթերքի մեջ:











































