Interfax գործակալությունն այսօր փոխանցում է, որ Հարավային Օսիայում (Ցխինվալի շրջանում) հենց վրացական սահմանի հարևանությամբ Հարավային օկրուգի զինվորականները տեղադրել են ռեակտիվ համազարկային հրետանու դիվիզիոն: Այս մասին գործակալությանն է հայտնել օկրուգում Interfax-ի աղբյուրը:
«Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիան կանխելու համար Հարավային Օսիայի մայրաքաղաքից ոչ հեռու տեղադրվել է ռեակտիվ համազարկային հրետանու առանձին դիվիզիոն, որը համալրված է համազարկային ռեակտիվ հրետանու «Սմերչ» համակարգով»,- ասել է գործակալության անանուն աղբյուրը: Նրա խոսքերով՝ համակարգը գտնվում է լիակատար մարտական պատրաստության վիճակում, իսկ համակարգը սպասարկող անձնակազմն ունի մեծ փորձ:
Ըստ գործակալության հայտնած տվյալների՝ «Սմերչի» մինիմալ հեռահարությունը 20 կմ է, մաքսիմալը` 70 կմ: Իսկ շեղման առավելագույն թույլատրելի սահմանը 10 մետր է: Մեկ համազարկը հնարավորություն ունի ավերածություններ առաջացնելու 70 հեկտար տարածության վրա: