Այսօր Day.Az ադրբեջանական լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ժամանելու է Բաքու: Նա մասնակցելու է դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք «Կարմեն» օպերայի շնորհանդեսին, և կկարդա Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելից հատվածներ: Բեմադրությունը կատարվել է Ռոստրոպովիչի անվան 4-րդ Միջազգային փառատոնի շրջանակում, որին մասնակցելու է նաև անվանի երաժշտի կինը` Գալինա Վիշնևսկայան:
Հիշեցնենք, որ վերջերս ինտերնետում տեղադրվել էր Դեպարդյեի հայտարարությունը, որում նա հայտնել էր, թե պատրաստվում է նվիրատվություն անել Արցախին: Դերասանի՝ Հայաստանում սեպտեմբերի սկզբին գտնվելու ժամանակ Հովիկ Աբրահամյանը նրան հանձնել էր նաև Հայաստանի խորհրդարանի Պատվո մեդալը: Կարելի է ենթադրություն անել, թե ինչ է պատասխանելու Դեպարդյեն ադրբեջանցի լրագրողներին, կամ ինչ համարժեք քայլ պետք է նա անի՝ արժանանալու համար Ադրբեջանի մեջլիսի համարժեք պարգևին: