Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդի օգնական Սեիդ Յահյա Սեֆևին սպառնացել է թուրքական իշխանություններին.
«Եթե թուրքական իշխանություններն Իրանի հանդեպ իրենց քաղաքականությունում թափանցիկություն չմտցնեն և չփոխեն Թեհրանի հանդեպ քաղաքականությունը, ապա թուրք-իրանական հարաբերությունները կարող են վատթարանալ։
Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ։ Եթե նա չփոխի դա, ապա ներքին ու արտաքին քաղաքականությունում խնդիրներ կունենա։ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումն Անկարայի ռազմավարական սխալն է։ Մենք կարծում ենք, որ Թուրքիան առաջ է շարժվում ԱՄՆ գծած ուղիով։
Թուրքիան մի շարք ռազմավարական սխալներ է գործել։ Դրանցից մեկը վերաբերում է Էրդողանին, ով Եգիպտոսին խորհուրդ տվեց երկրում պահպանել աշխարհիկ ռեժիմի ղեկավարումը։ Երկրորդ սխալը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումն է, ինչը նշանակում է, որ դրանով Անկարան ուղերձներ է հղում Ռուսաստանին ու Իրանին։ Երրորդ սխալը սիոնիստների ու ԱՄՆ ճնշման ներքո Սիրիայում լարվածություն ստեղծելն է։ Այս գործողությունները հակասում են Թուրքիայի կարգախոսներին և ցույց տալիս, որ նա երկակի քաղաքականություն է վարում»։
Հիշեցնենք, որ Սեֆևիից առաջ էլ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն է հայտարարել, որ Թուրքիան տարածաշրջանում վերածվել է ԱՄՆ խոսնակի։











































