Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը 9.4 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան։
Վերջինիս խոսքերով՝ այդ գումարներն ուղղվելու են Կասպիցի էներգաանվտանգության ապահովմանը. «Միևնույն ժամանակ, այդ միջոցների հաշվին գնվելու է նոր տեխնիկական սարքավորում։ ԱՄՆ-ը խորապես շահագրգռված է Ադրբեջանի էներգաանվտանգությամբ և շարունակում է տվյալ ոլորտում համագործակցել նրա հետ»։
Նշվում է, որ Ադրբեջանի էներգաանվտանգության ապահովմանն ուղղված այդ գումարի հատկացման հարցը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ու Ադրբեջան այցելած ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ տարածաշրջանային հակամարտությունների և Կովկասի հարցերով գրասենյակի ղեկավար Ջասթին Ֆրիդմանի հանդիպման ժամանակ։
Այս կապակցությամբ Ադրբեջանի պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելելու է Վաշինգտոն։











































