Թուրքական Aksam օրաթերթն այսօր տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը չի հաստատել քաղաքի հայկական կաթոլիկ համայնքի «Սուրբ Հակոբ» հիմնադրամի կողմից Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմում, 48 հազար քմ հողատարածքի վրա 150 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ առևտրի և մշակույթի կենտրոն կառուցելու նախագիծը: Թերթի փոխանցմամբ, որոշումը կայացվել է հակառակ նրան, որ Եվրամիության պահանջներին համապատասխան փոփոխված թուրքական օրենքները հետայսու արտոնում են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին ձեռք բերել անշարժ գույք` այն տնօրինելու իրավունքով։ Այդ հիմնադրամներից մեկն էլ եղավ հայկական կաթոլիկ «Սուրբ Հակոբ» հիմնադրամը, որը դիմել էր Ստամբուլի քաղաքապետարան Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմում, 48 հազար քմ հողատարածքի վրա առևտրի և մշակույթի կենտրոն կառուցելու թույլտվության խնդրանքով։