«Չնայած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել է կուսակցականացված ուսանողների թվերը չհրապարակել, սակայն հանրապետականացման գործընթացի մասնակիցները ջանք ու եռանդ չեն խնայում՝ բարձրաձայնելու այդ մասին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Երևանի պետական համալսարանում ՀՀԿ համակարգող, «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ Գևորգ Մելքոնյանը վերջերս ամենուր հայտարարում է, թե բոլորը ՀՀԿ մտնելու խնդրանքով իրեն են դիմում: «Ովքեր ուզում են՝ ուսանողներ, ասպիրանտներ, երիտասարդ դասախոսներ, դիմում են ինձ, որպեսզի ես կազմակերպեմ»,- ոգևորված հայտարարել է Գևորգ Մելքոնյանը: Վերջինս ռեկտոր Արամ Սիմոնյանի ասպիրանտն է և, մեր տեղեկություններով, ռեկտորի ոչ պաշտոնական հրահանգներն է իրականացնում: Այսինքն՝ մայր բուհի ջահելներին հանրապետականացնելու կարգադրությունը ռեկտորինն է»: