Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ի վերջո, պետական հեռուստաընկերության ուղիղ եթերով ելույթ ունեցավ Իրանի ժողովրդի համար:
Նա իր երկարաշունչ ելույթի ընթացքում բազմաթիվ հարցեր արծարծեց, որոնցից կարելի է անդրադառնալ Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի մասին հնչած խոսքերին:
Ըստ Ահմադինեժադի՝ «ՆԱՏՕ-ն փորձում է բոլոր երկրները գրավել և իր վերահսկողության տակ առնել: Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը Իսրայելի անվտանգությունը ապահովելու նպատակով է հիմնվում: Նրանք ցանկանում են, որ երբ հարվածեն Իրանին, մեր հրթիռները չհասնեն մինչև Իսրայել: Մենք մեր թուրք բարեկամներին ասացինք, որ, ճիշտ է, դուք ՆԱՏՕ-ի անդամ եք, բայց նրանք ձեր բարեկամը չեն: Նրանք ցանկանում են, որ տարածաշրջանի երկիրները նվազ ու աղքատ լինեն: Բայց թուրքերը սխալվում են, որովհետև Իսրայել պետությունը հավիտենական չէ ու մի օր ոչնչանալու է: Նրանք, որ անգամ ատոմային ռումբեր ունեին, փլուզվեցին ու անհետացան, ուրեմն ՀՀՊ-ը չի կարող խափանել Իսրայելի փլուզումը»։
Հատկանշական է, որ Ահմադինեժադի ուղիղ եթերի ընթացքում, երբ նա խոսում էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգման մասին, ուղիղ հեռարձակման համակարգը խափանվեց, և նախագահի ելույթի ձայնը հասանելի չէր հեռուստադիտողին:
Այդ առնչությամբ նա, ընդդիմանալով օրեր առաջ Իրանի ՊՆ-ի հայտարարությանը, կրկին պաշտպանեց ԱՄՆ-ի հետ «Կարմիր հեռախոսակապ» ստեղծելու գաղափարը, բայց հավելեց, որ նախ ԱՄՆ-ը պիտի իր ռազմանավերը դուրս բերի Պարսից ծոցից: