WikiLeaks-ի այսօր հրապարակած մի փաստաթղթի համաձայն` Հայաստանում չկա որևէ մի օբյեկտ, որը կենսական է ԱՄՆ-ի ազգային շահերի տեսանկյունից: Կայքէջը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում սփռված այն օբյեկտների ցանկը, որոնք, ամերիկացի դիվանագետների գնահատմամբ, կենսական են ԱՄՆ պետական շահերի տեսանկյունից: Ցանկը ընդգրկում է նավթամուղներ, տրանսպորտային, հեռահաղորդակցական հանգույցներ և այլ օբյեկտներ: Ըստ այդմ՝ 2009 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղարությունը հրահանգել է արտերկրում գտնվող ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին` կազմել ԱՄՆ պետական ազգային շահերի համար կենսական օբյեկտների ցանկ: Հայաստանի հարևան երկրներում առկա օբյեկտներից նշված են Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով անցնող Բաքու-Թբիլիսի – Ջեյհան նավթամուղը, Բաքվի մոտ գտնվող Սանգաչալի նավթային տերմինալը, Թուրքիայում` Բոսֆորի նեղուցը, Իրանում` Հորմուզի նեղուցը: