«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է շատ երկար տևել, քանի որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար այս պահին ամենակարևոր հարցը չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի նախագահ դառնալու թեմային` նա նկատեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Որևէ կապ չի կարող լինել նաև Պուտինի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի միջև: Քոչարյանը այս պահին քաղաքականության մեջ չունի այնպիսի ազդեցիկ դեր, ինչպիսին Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանում»,- շեշտեց Իսկանդարյանը` միաժամանակ նկատելով, որ չի բացառում Ռոբերտ Քոչարյանի` նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը: «Նրա հայտարարությունը նորություն չէր և ոչ էլ՝ զարմանալի, բայց ճիշտ կլինի սպասել նախ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- նկատեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ անընդունելի է միանշանակորեն հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանինն է և, առհասարակ, ըստ նրա՝ «Քոչարյանի շուրջ լրատվամիջոցների ստեղծած փուչիկն ավելի մեծ է, քան այն կա իրականում»:
Անդրադառնալով «Հանրապետական» կուսակցությանը` քաղաքագետը նկատեց, որ «ՀՀԿ-ն մոնոլիտ կառույց չէ: Այն տարբեր խմբերի կոնսենսուսի գալու վայր է, այնտեղ կան մրցակցող էլիտար ամենատարբեր խմբեր: Ընդդիմությունը, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսը ևս մոնոլիտ չէ, այնտեղ ևս տարբեր խմբեր ու ներքին խնդիրներ կան: Մարդիկ դուրս են գալիս ՀԱԿ-ի շարքերից, և դա անհամաձայնության նշան է»:
Կովկասի ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ այսօր Հայաստանում ճգնաժամ առկա է, սակայն ոչ այնքան ուժեղ, որ շուրջօրյա հանրահավաքները և փողոցից ուղղորդվող ընդդիմության ճնշումները նոր Մարտի 1-ի հանգեցնեն: