Ինչպես տեղեկացնում է Thomson Reuters գործակալությունը, ամերիկյան հանրահայտ Հարվարդի համալսարանն այլևս լավագույնը չէ: Նա վերջին ութ տարվա մեջ առաջին անգամ առաջնությունը զիջել է Times Higher Education վարկանշային ցուցակում, որը կազմվում է բրիտանական Times պարբերականի կողմից:
Այս վարկանիշային աղյուսակը համարվում է ամենահեղինակավորն ու հիմնավորվածը: Այստեղ ընդգրկված են աշխարհի 200 լավագույն համալսարանները: Աղյուսակն այս անգամ գլխավորում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը: Ուսումնական այս հաստատությունը ամենաբարձր գնահատականներն է ստացել բոլոր չափանիշներով, ինչպես նաև առաջին տեղում է հայտնվել ֆինանսավորման 16%-անոց աճի շնորհիվ:
Բացի այդ, Հարվարդը երկրորդ հորիզոնականը կիսել է մեկ այլ՝ Ստենֆորդի համալսարանի հետ: Հարկ է նշել, որ վարկանշային այս ցուցակում ԱՄՆ ներկայացված է 75 բուհերով, 32 բուհ ունի Մեծ Բրիտանիան, ապա հաջորդում են Նիդերլանդները և Գերմանիան` 12-ական բուհ, Կանադան (9) և Ավստրալիան (7): Լավագույնների ցուցակում են նաև Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Բելգիայի, Իռլանդիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Չինաստանի, Թայվանի, Սինգապուրի, ՀԱՀ-ի, Բրազիլիայի և այլ երկրների համալսարաններ:









































