WikiLeaks կայքի ղեկավարությունը դիմել է ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին` խնդրելով աջակցություն, քանի որ կայքը կանգնած է փակման վտանգի առջև: Այս մասին ասվում է WikiLeaks-ի Twitter-ում բացված միկրոբլոգում: Այնտեղ ասվում է. «…կայքը ենթարկվում է աննախադեպ հզոր հարձակման, և որպեսզի մենք մնանք համաշխարհային ցանցում, անհրաժեշտ է, որ լինի ձեր աջակցությունը»: Կայքի ղեկավարությունն իր կողմնակիցներին խնդրում է ստեղծել զուգահեռ կայքեր, որոնք կպատճենեն կայքում հայտնվող տեղեկությունները և կհրապարակեն այդ զուգահեռ կայքերում: Դրանով հնարավոր կլինի խուսափել «այդ ուժերի կողմից» WikiLeaks-ի աշխատանքների խափանումից: Իսկ փակման կողմնակիցներն էլ այլև հնարավորություն չեն ունենա փակելու նմանատիպ հարյուրավոր կայքերը և հանգիստ կթողնեն WikiLeaks-ի մայր կայքը:
Կրկին խոսվում է Լոնդոնում գտնվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի ձերբակալության մասին։ Դա, հիշեցնենք, Շվեդիայի իրավապահների պահանջն է, որոնք նրա դեմ քրեական գործ են հարուցել բռնաբարության, սեռական ոտնձգության մեղադրանքով: