«Անի Պլազա» հյուրանոցում այսօր մեկնարկեց «Ինչպիսի՞ն է Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ապագան» խորագրով եռօրյա համաժողովը, որին մասնակցում են մարդու իրավունքների, ժողովրդավարության, թափանցիկ և հաշվետու գործելաոճի և արդյունավետ կառավարման խնդիրներով մտահոգ տեղական և
արտասահմանյան բարձրակարգ մասնագետներ:
Կազմակերպիչները հայտարարեցին, որ խորհրդաժողովը դառնալու է անդրսահմանային, ողջ ընթացքը Twitter-ով և բլոգներով տարածելու են ամբողջ աշխարհում:
«Ներկայիս ժողովրդավարական կառավարման բնույթը՝ քաղաքական ռեժիմների ստանդարտ դասակարգումներից այն կողմ» թեմայի շրջանակներում հանդես եկավ ՄՃԽ փոխնախագահը Ալեն Դելետրոզը: Նա հայտարարեց. «Ժողովրդավարության օրակարգի քայքայմանը նպաստեց Բուշի իշխանավարումը։ Քաղաքական կամքի բացակայությունը արևմուտքում մասամբ բացատրում է այսօրվա աշխարհի իրավիճակը»: Նա նկատեց նաև, որ ամերիկացիները ընտրել են միակ նախագահին` Բարաք Օբամային, որը տեսլական ունի, բայց նա էլ արգելափակվել է: Դելետրոզը կարևորեց երիտասարադական ժողովրդավարական ալիքները աշխարհի տարբեր երկրներում:
Նյու Յորքից ժամանած Ռայնա Գավրիլովան` Բաց հասարակության հիմնադրամի միջազգային ծրագրերի հարցերով փոխտնօրենը, նկատեց. «Աշխարհը շատ պարզ էր 20 տարի առաջ, կային ժողովրդավարներ, ոչ ժողովրդավարներ։ Այժմ ժողովրդավարության դաշտը բավական բարդ է դասակարգման առումով: Նույնիսկ ընտրությունները, որոնք համարվում են ժողովրդավարական, հարց է առաջնում՝ իսկապե՞ս դրանք լիակատար ժողովրդավարական էին: Որոշ կառավարություններ, իհարկե, անկեղծորեն փորձում են պարզել, թե ինչ է կատարվել ընտրություններում: Քաղաքական որոշ ռեժիմներ հենվում են ժողովրդավարության ֆասադին, իսկ իրականում նման դեպքերում ժողովրդավարությունը այլասերվում է»,- ասաց բանախոսը:










































