Նոբելյան կոմիտեն քիմիայի բնագավառում մրցանակ է շնորհել իսրայելցի գիտնական Դանիել Շեխթմանին` քվազիբյուրեղների բացահայտման համար: Պարգևի չափը 10 մլն շվեդական կրոն է (մոտ 1.4 մլն դոլար): Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին:
Շեխթմանը քվազիբյուրեղի առաջին միկրոլուսանկարը ստացել է 1982 թ.: Սակայն գիտնականի բացահայտումը միանշանակորեն չի ընդունվել գիտական հանրության կողմից: Պաշտպանելով իր գյուտը` նա անգամ ստիպված է եղել դուրս գալ հետազոտական խմբից, որում աշխատում էր այդ ժամանակ:
Արարողության ժամանակ Շեխթմանի հետ չի հաջողվել կապվել, սակայն հաղորդավարները հայտնել են, որ գիտնականին արդեն տեղեկացրել են որոշման մասին, և «նա շատ է ուրախացել»: Հրեա քիմիկոսը 70 տարեկան է:











































