Աշխարհի հռչակավոր ճարտարապետական կառույցներից մեկը` Թաջ Մահալը, կանգնած է փլուզման եզրին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Ավելի քան 350 տարվա պատմություն ունեցող շինության փայտե հիմքերը սկսել են չորանալ, քանի որ աղբյուրները, որոնք սնուցում էին տաճարի ջրի հորերը, սկսել են ցամաքել: Բանն այն է, որ հարևան Յամունա գետը սկսել է չորանալ: Ինչպես ասում են հնդիկ բնապահպանները՝ եթե գետը չորանա, կվերանա նաև տաճարը:
Նրանք կոչ են արել երկրի կառավարությանը համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, այլապես առաջիկա 5 տարիների ընթացքում այն կոչնչանա: Հիշեցնենք, որ տաճարը կառուցվել է Շահ Ջահաննա կայսեր պատվերով` ի հիշատակ ծննդաբերության ժամանակ մահացած նրա կնոջ: Մարմարը, որից կառուցված է շինությունը, այնպիսի հատկություն ունի, որ առավոտյան այն սպիտակ է, ցերեկը` վարդագույն, իսկ երեկոյան` արծաթագույն:
1983 թվից Թաջ Մահալը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:










































