Anonymous խմբի ցանցահենները սպառնում են արգելափակել Նյու Յորքի ֆոնդային բորսայի աշխատանքները` կոտրելով նրա համակարգչային համակարգը: Ցանցահեններն իրենց աջակցությունն են հայտնել «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցներին, որոնք սեպտեմբերի կեսից վրանային ճամբար են դրել բորսայի շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է The New York Post պարբերականը, այժմ FBI-ը ուսումնասիրում է ցանցահենների հայտարարությունը: ԶԼՄ-ներին ուղղված ցանցահենների ուղերձը տեղադրվել է YouTube-ում:
«Մենք այլևս չենք կարող լռել, երբ մեր քաղաքացիներին շահագործում են և ստիպում զոհ գնալ հանուն եկամուտի: Մենք կապացուցենք աշխարհին, որ մեր խոսքի տերն ենք: Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի ֆոնդային բորսան կջնջվի համացանցից: Սպասեք այդ օրվան. այն երբեք չի մոռացվի»,- ասվում է հայտարարության մեջ: