Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր պաշտոնական այցը հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ կսկսի հոկտեմբերի 6-ին: Նախ նա կայցելի Հայաստան, ապա՝ Ադրբեջան և Վրաստան:
Սարկոզիի այցը կապվում է մի շարք հարցերի հետ, մասնավորապես՝ կա գնահատական, որ վերջինս տարածաշրջան է գալիս ԼՂ հարցում սեփական ակտիվությունը դրսևորելու համար, այլ գնահատականների համաձայն՝ այս այցը պայմանավորված է առաջիկայում Ֆրանսիայում սպասվելիք ընտրություններով:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայի նախագահը առաջին հերթին իր առջև դրված խնդիրների շրջանակում է կատարում իր տարածաշրջանային այցը:
Սարգսյանը նկատեց, որ անցած ամիս Լիբիա կատարած Սարկոզիի այցը ևս պատահական չէր և վկայում է այն մասին, որ Սարկոզիի համար որոշակի նշանակություն ունի՝ իր միջազգային դերը ցույց տալու առումով: Ըստ Սարգսյանի՝ այցը Հարավային Կովկաս ևս իր մեջ նման նպատակ ունի:
Սարգսյանի գնահատմամբ՝ Սարկոզին ցանկանում է նոր կերպարով հանդես գալ միջազգային քաղաքականության մեջ. «Ի վերջո, նա հավակնում է շարունակել իր պաշտոնավարումը նախագահի պաշտոնում և, ըստ երևույթին, ներսում այդքան էլ մեծ աջակցություն չունի և ցանկանում է իր իմիջը բարձրացնել արտաքին քաղաքական խնդիրներով զբաղվելով»:
Մանվել Սարգսյանը նշեց, որ հարցական է, թե արդյոք Սարկոզին ընդհանրապես կխոսի՞ Ղարաբաղի խնդրի շուրջ սեփական դերակատարության մասին, քանզի ԵՄ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են, որ խնդիրը մնա Մինսկի խմբի շրջանակներում. «Դժվար թե նոր ինչ-որ էական բան ասի Սարկոզին»:









































