Բրիտանական BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է ռուսական մամուլի տեսություն, որտեղ քննարկվում է Ռուսաստանում 2018թ. անկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նախատեսված ծախսերի հարցը: «Московский комсомолец» թերթը կանխատեսել է, որ Աշխարհի առաջնությունը կլինի ամենաթանկ ծրագրերից մեկը Ռուսաստանի պատմության մեջ: Ծախսերը հինգից տասնհինգ անգամ ավելին կլինեն, քան ներկայացրել էր Պուտինը` Շվեյցարիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանկ: Այն ժամանակ Ռուսաստանի վարչապետն ասել էր, որ ծախսերը կկազմեն մոտ 10 մլրդ դոլար, և այդ գումարի մի մասն էլ իրենց վրա կվերցնեն գործարարնրը: Այն ժամանակ նա դիմել էր Աբրամովիչին` նշելով, որ եթե վերջինս մի քիչ գումար ծախսի, «Չելսիի» տիրոջը ոչ մի բան դրանից չի լինի:
Ըստ «Ֆիսկալ քաղաքականության կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսանդր Դերյուգինի` ի հայտ կգա նախընտրելի ծրագրերի առաջնահերթ կատարման անհրաժեշտություն, իսկ մնացած բոլոր ծրագրերը մի կողմ կդրվեն: «Սովեստկայա Ռոսիա» թերթը հարց է տալիս, թե որտեղից Պուտինը վերցրեց այդ 10 մլրդ դոլար գումարը, քանի որ Ռուսաստանի հայտնում ներկայացված է մոտ 4,5 մլրդ դոլար` առանց ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացման վրա ծախսվող գումարների, որոնք ամենահսկայական ծախսերն են: Ինչպես ասել է Քաղաքական և տնտեսական կապերի գործակալության գլխավոր տնօրենը, «անհրաժեշտ է երկրում որքան հնարավոր է շատ օլիմպիադաներ, առաջնություններ անցկացնել, ինչը հնարավորթյուն կտա ապահովել ներդրումներ շինարարության մեջ, կբարձրանա երկրի վարկը»: Սակայն ըստ փորձագետի` առաջնությունը հաջողություն կունենա և օգուտներ կբերի միայն այն ժամանակ, եթե կրճատվեն ծախսերը: