«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար, Հայ ազգային կոնգրեսի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Արարատ Մկրտչյանը
– Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատեց առողջապահության և կրթության ոլորտները` անդրադառնալով առկա կոռուպցիոն դրսևորումներին, անգամ առողջապահության փոխնախարարները փոխվեց: Պարոն Մկրտչյան, Ձեր գնահատմամբ, այդ փոփոխությունները կարո՞ղ են առողջապահության ոլորտում դրական փոփոխությունների հիմք լինել, թե՞ դրանով այլ խնդիրներ են լուծվում:
– Ճիշտն ասած, տպավորություն ստեղծվեց, թե վարչապետի քննադատության թիրախ դարձած այդ երկու ոլորտներում են միայն առկա կոռուպցիոն ռիսկեր, սակայն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ կոռումպացված են մի շարք այլ գերատեսչություններ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը 2009թ. հրապարակեց Հայաստանում կատարած իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց` կոռումպացված ոլորտներից առաջիններն էին դատական իշխանությունը, դատախազությունը, ընտրական պրոցեսները և հետո նոր առողջապահությունը և կրթությունը: Իհարկե, ոչ ոք չի կարող բացառել, որ վարչապետի քննադատության թիրախ դարձած ոլորտները կոռումպացված են, սակայն քննադատությունից հետո իրականացված գործողությունները ես չէի որակի որպես կոռուպցիայի դեմ պայքար, ավելի շատ կորակեի որպես իմիտացիոն պրոցես: Սկսած նրանից, թե ինչ ձևակերպմամբ աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարարը` ազատել աշխատանքից համաձայն իր դիմումի: Վարչապետի հայտարարությանը հետևած գործողությունները ոչ մի աղերս չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ, պարզապես սրանով վարչապետը, իշխանությունների հետ միասին, իր PR-ն է անում: Մի քանի չինովնիկներ փոխելով` ոչինչ չենք ստանա, և այս առումով պետք է սկսել քաղաքական կամք ձևավորելուց` քաղաքական որոշումը պետք է ուղղված լինի համընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարելուն, կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս հայտնաբերելուն և դրանց ազդեցությունը նվազեցնելուն:
– Իսկ առողջապահության ոլորտի կոռումպացվածությունը ինչպե՞ս կբացատրեք: Օրինակ` շատ է խոսվում այն մասին, որ բժիշկը բավարար աշխատավարձ չի ստանում, այդ պատճառով էլ հիվանդից հավելյալ գումարներ է վերցնում, արդյո՞ք հենց դա է հիմնական պատճառը:
– Հեռու գնալ պետք չէ կամ հայկական քառակուսի անիվներով հեծանիվ հորինել: Կա 2006թ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հետազոտությունը առողջապահության համակարգում արձանագրված կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, և մեր իշխանավորները կարող են բացել և ընթերցել: Առաջին հերթին խնդիրը գալիս է կառավարման վերին համակարգից և օրենսդիր իշխանության գործելաոճից. մենք կառավարման որոշումներ և օրենքներ ենք ընդունում, որոնք ոլորտի համար պարունակում են լրջագույն կոռուպցիոն ռիսկեր: Առողջապահության մասով բյուջեն իր մեջ ի սկզբանե պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. բյուջեում ամրագրում են խոստումներ հանրությանը անվճար բուժօգնություն մատուցելու: Խոստումը շատ մեծ է, հատկացված ֆինանսական միջոցները հեռու են բավարար լինելուց: Օրինակ` որդեգրվեց, թե ծննդօգնությունը բացառապես անվճար է, և մտրակային քաղաքականության միջոցով հնարավոր եղավ մի քանի ամիս դա կառավարելի դարձնել, բայց եթե լրջագույն մեխանիզմներ չեն դրված, հենց մտրակը քաշեցիր, պրոցեսը ինքնին շարունակվում է:
Իսկ հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների մակարդակում առկա է կենցաղային կոռուպցիան, որի պատճառները հիմնականում ծագում են հենց օրենքներից և բյուջեից: Ճիշտ է, վերջին տասը տարվա ընթացքում առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները վեց անգամ ավելացել են, սակայն եթե դա համեմատում ենք համախառն ներքին արդյունքի հետ, ապա ոչ մի ավելացում տեղի չի ունեցել: ՀՆԱ-ի միայն 1, 6 տոկոսն է հատկացվում առողջապահության ոլորտին, այն դեպքում երբ դա պետք է լիներ գոնե 3 տոկոս: Այսինքն` գնողունակության առումով, իր արդյունավետությամբ վեց անգամ ավելացած բյուջետային հատկացումները ոչ մի արդյունք չեն տվել: Ավելին, բյուջեի ձևավորման և ծախսման ոչ հստակության և դրանում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում են նաև Վերահսկիչ պալատի 2008-2009թթ. իրականացրած ուսումնասիրությունները` մոտ 900 մլն դրամի հավելագրումներ և տարբեր կարգի չարաշահումներ են արձանագրվել: Նույնիսկ դրանից ելնելով կարելի էր հետևություններ անել և բյուջեի ձևավորման գաղափարախոսությունը փոխել, ինչը չարվեց. 2011թ. բյուջեն նախորդ տարիների գաղափարախոսության շարունակությունն է:
Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք նվազ պահանջարկ և ահռելի մեծ, ծանր, դանդաղաշարժ, մայրաքաղաքում մեծ կուտակումներով և անարդյունավետ գործող առողջապահական համակարգ: Հենց այստեղ է թաղված շան գլուխը` ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվում է բուժհիմնարկը, այդ հսկայական շենքը պահպանելու ծախսերին, և բուժաշխատողներին հասնում են չնչին կոպեկներ:
– Առողջապահության նախարարությունը ամիսներ առաջ Արա Բաբլոյանի բժշկական կենտրոնում ներդրեց համավճարի, այսպես կոչված, պիլոտային ծրագիրը, և այսօր արդեն խոսվում է այն մասին, որ այդ ծրագիրն իրեն արդարացրել է և պետք է ներդնել նաև մյուս բուժհաստատություններում: Ձեր գնահատմամբ, համավճարը կարո՞ղ է նվազեցնել ստվերի առկայությունը առողջապահական համակարգում:
– Համավճարի գաղափարախոսությունը, որպես լրացուցիչ ֆինանսական աղբյուր, ոչ մի արդյունք չի տալու անարդյունավետ գործող համակարգին: Ցանկացած` տարրական վիճակագրական մեթոդներից տեղյակ մարդը երբեք չէր գնա նման փորձարկման. մեկ բուժհիմնարկի վրա փորձառություն չեն իրականացնում, քանզի այդ բուժհիմնարկում շատ վերահսկելի և ոչ օբյեկտիվ հետևություններով փորձ է ընթանալու: Ես չեմ բացառում համավճարների ներդրման կարևորությունը, սակայն պետք է նախ լուծել համակարգի արդյունավետության խնդիրը, քանզի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բուժհիմնարկ մուտք գործած գումարների մոտ 80 տոկոսը գնում է այլ ծախսերի վրա, և միայն 20 տոկոսն է ծառայեցվում հիվանդի բուժմանը:
– Կարծիք կա նաև, որ համավճարը փոխարինելու է անվճար բուժօգնությանը. այդ ծրագիրը նման վտանգ պարունակո՞ւմ է:
– Ես այդ մտավախությունը չեմ կիսում, քանզի միջազգային պրակտիկայում գոյություն ունեն բազմաղբյուր ֆինանսավորման համակարգեր: Ուղղակի մենք պետք է ունենանք ռացիոնալ գործող համակարգ, այնուհետև երկրի հնարավորությունների սահմանում ավելացնենք բյուջետային գումարները, ներդնենք բժշկական ապահովագրություն և հետո նոր` համավճարներ և օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ: Հարկ է նշել, որ առողջապահության բնագավառում անմիջական վճարումները ռեգրեսիվ, ոչ պրոգրեսիվ վճարման ձևեր են, և եթե կա համավճար կամ զուտ ամբողջությամբ վճարովի ծառայություն, ապա դրանք պետք է կազմեն առողջապահական ծառայությունների փոխհատուցման 5-10 տոկոսը, 80-90 տոկոսը պետք է հատկացվեն բյուջեից և ապահովագրական մուտքերից, որոնք մարդուն տալիս են սոցիալական երաշխիքներ: Հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որ կորել է հանրության վստահությունը առողջապահության նկատմամբ: Հայ ազգային կոնգրեսի առողջապահական ծրագրում մենք ներառել ենք, որ առաջին կարևորագույն խնդիրն է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի վերականգնվեն այդ խաթարված հարաբերությունները:
– Օլիգարխիան թափանցել է նաև առողջապահական համակարգ: Ի՞նչ վտանգավոր հետևանքներով է դա հղի:
– Իհարկե, մեր երկրի առողջապահության համակարգ են թափանցել օլիգարխիան և կորպորակրատիան, որն էլ հանգեցրել է համակարգի բևեռացման: Կառավարման համակարգը և բժշկական բիզնեսը սերտաճել են. բիզնես-շահեր հետապնդողը այսօր ղեկավարում է մեր երկրի առողջապահական համակարգը, օրենսդիր իշխանությունում հանձնաժողովի նախագահը ևս առողջապահական ոլորտում բիզնես-շահեր ունեցող մարդ է, ովքեր իրենց շահերը հետապնդում են ի հաշիվ համակարգի: Այսօր առողջապահության համակարգին բնորոշ է դարձել նաև քաղաքական կոռուպցիան. իրար հրմշտելով, հեռուստացույցից մեզ վրա ճնշում գործադրելով` հայտարարում են, թե` գնում ենք մարզեր անվճար բուժօգնություն ցույց տալու. սա քաղաքական կոռուպցիայի կլասիկ ձև է:
– Պարոն Մկրտչյան, բացի նրանից, որ բարեգործության քողի տակ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրենց անվճար բուժօգնություն ծրագրով քարոզարշավ են իրականացնում, առողջապահության համակարգի համար այլ վտանգներ չե՞ք տեսնում:
– Այդ գործընթացը խոսում է մոտալուտ արտահերթ ընտրությունների մասին, ֆալստարտ չի սա. եթե սկսել են պետական ֆինանսական միջոցներով սնվող հիվանդանոցներից, սեփական հիվանդանոցներից մասնագետներ ուղարկել, այս կամ այն բուժհիմնարկում մնացած դեղամիջոցները տանել շրջաններ և բաժանել ժողովրդին, ապա խոսքը ամենևին էլ բարեգործության մասին չէ: Ավելին, այս ճանապարհով նսեմացվում է մարզային առողջապահության դերն ու նշանակությունը, այն դեպքում, երբ այսօր մարզային առողջապահության զարգացման ծրագիր է իրականացվում համաշխարհային բանկի ֆինանսական միջոցների հաշվին, և մոտավորապես 1-2 մլն դոլար հատկացումներ են կատարվում մարզային հիվանդանոցներին: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նման գործելաոճը որևէ մեկնաբանություն չունի` no comment:
– Պարոն Մկրտչյան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ իշխանությունը բառացիորեն անտեսում է ՀԱԿ-ի առաջարկած ծրագրերը, այդ թվում նաև առողջապահական բարեփոխումների ծրագիրը:
– Կոնգրեսի առաջարկած ծրագրերը իսկապես իրենց մեջ ներառում են լրջագույն քայլեր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Սակայն իշխանությունները ընտրել են լավ է անտեսել, քան մտնել երկխոսության մեջ մարտավարությունը, իսկ ընդդիմությունը ծրագրեր նախապատրաստում է, որպեսզի գալով իշխանության` դրանք իրականացնի, և, իհարկե, եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա` կարող է ընդունել դրանք և խոստովանել, որ ընդունում է: Սակայն այսօր շատ փաստաթղթեր բացում ես, և ձևակերպումների առումով մեր ծրագրերից կրկնօրինակումներ են արված: