Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի շրջանային դատարանում հայց է ներկայացվել Facebook սոցիալական ցանցի դեմ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Սոցցանցը մեղադրվում է էջը լքելուց հետո օգտատիրոջ գործունեությանը հետևելու մեջ: Մինչդեռ սոցցանցի վարչակազմը պնդում է, որ համակարգիչներում տեղադրվող cookie ֆայլերը, որոնք անհրաժեշտ են օգտատիրոջ ինքնության հաստատման համար, ջնջվում են սոցցանցում աշխատանքի ավարտից հետո:
Հայց ներկայացնողները պահանջում են, որ դատարանը Facebook-ին ստիպի փոխհատուցում վճարել օգտատերերին, և արգելի անօրինական կերպով հետևել նրանց գործունեությանը:
Սոցցանցի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ պահանջներն անհիմն են: Բացի այդ, սեպտեմբերի 29-ին 10 հասարակական կազմակերպություններ դիմել են ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովին՝ պահանջելով հետաքննություն սկսել Facebook-ի դեմ՝ կապված օգտատերերի մասնավոր կյանքի իրավունքների հնարավոր խախտման հետ:










































