Թուրքիան և Միացյալ Նահանգները քննարկում են Իրանի բանկերի հետ համագործակցության օրինականությունը: Պատասխանատուները հայտնել են, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը քննարկում է հարեւան Իրանի բանկային համակարգի օգտագործման հնարավորությունը երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման գործում: Սակայն պաշտոնական Վաշինգտոնն զգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք կհամագործակցեն իրանական բանկերի հետ` ի կատարումն ԱՄՆ կառավարության և ՄԱԿ-ի ընդունած պատժամիջոցների որոշումների: World Tribune-փոխանցմամբ, Թուրքիայի առևտրի նախարար Զաֆեր Քաղլայանն ասել է, որ թուրքական կառավարությունը թույլատրվող գործարքների շուրջ համագործակցում է ամերիկյան կողմի հետ: Քաղլայանը հոկտեմբերի 17-ին մի պատվիրակության հետ մեկնել է Վաշինգտոն` քննարկելու իրանական հարցը:
Իրանի և Թուրքիայի առեւտրաշրջանառությունն այս տարի հասել է տարեկան կտրվածքով $11 մլրդ-ի: Քաղլայանի խոսքերով, կողմերը պայմանավորվել են մինչև 2016թ. այդ թիվը հասցնել $30 մլրդ-ի: