WikiLeaks փաստաթղթերից մեկում նշվում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման Կիևում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Յուրի Լուժկովի հետ ժամանակին քննարկել է Սևաստոպոլի հարցը: Լեոնիդ Կուչման Լուժկովին հայտնել է, որ Սևաստոպոլը կհանձնի Ռուսաստանին միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն Ռուսաստանին վերադարձնի վաճառված Ալյասկան, Ռուսաստանը Գերմանիային վերադարձնի Կալինինգրադը՝ նախկին Կյոնինգսբերգը, իսկ Ճապոնիային` Կուրիլները:
Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը:
Կայքը նաև գրում է, որ դեսպանի հետ Կուչման խոսել է նաև նախագահական ընտրությունների մասին, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվար ամսին: Կուչման համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է Վիկտոր Յանուկովիչը, իսկ որպես խոստումնալից ուկրաինացի քաղաքական գործչի՝ նշել է Արսենի Յացենյուկի անունը:
Կայքը նաև հիշեցնում է, որ վերջերս հրապարակված Ռուսաստանի համար ամենաաղմկահարույց փաստաթղթերից են Ռուսաստանի կողմից Հայաստանին անօրինական վաճառված զենքի մասին լուրը, որի մասին մենք արդեն մանրամասն ներկայացրել ենք: