Թեև 2011թ. բյուջեի նախագծում կառավարությունը հարկային եկամուտները ու տուրքերը որևէ փոփոխության չի ենթարկել, սակայն եկամուտները ավելացել են մոտ 2.5 մլրդ դրամով` պայմանավորված փոխարժեքային տարբերություններով: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ֆինանսների փոխախարար Պավել Սաֆարյանը: Այսպես, օրենսդրությամբ նախատեսված է, որ Կառավարությունը յուրաքանչյուր անգամ բյուջեն ներկայացնելիս հաշվարկների հիմքում պետք է ընդունի նախորդ ամսվա 1-ի դրությամբ ձևավորված դրամի փոխարժեքի միջին կուրսը: «Երբ մենք առաջին անգամ ներկայացրեցինք բյուջեն ԱԺ, դոլարի կուրսը 363 էր, եվրոն` 464: Նոյեմբերի մեկին դոլարի միջին կուրսը կազմել է 357 դրամ, իսկ եվրոյինը` 499 դրամ»,- նշեց Պ. Սաֆարյանը: Եվ քանի որ կառավարությունը 2011-ի համար ստանալու է հիմնականում եվրոյով գրանտներ, իսկ եվրոն դրամի նկատմամբ արժևորվել է, ապա այդ վերահաշվարկի արդյունքում ավելացած բյուջեի եկամուտները (մոտ 2.5 մլրդ դրամ) պայմանավորվել են հենց այս հանգամանքով: Արդյունքում ճիշտ այդքան էլ ավելացվել են բյուջեի ընդհանուր ծախսերը և նախկին տարբերակի 998.6 մլրդ դրամի փոխարեն կազմել 1.1 տրլն դրամ: