Բաքվում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր պարտություն կրեց Հայաստանի հավաքականի հիմնական հույսերից մեկը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը 1/16 եզրափակիչում պարտություն կրեց չեխ Զդենեկ Խլադեկից և դուրս մնաց հետագա պայքարից: Բաքվի աշխարհի առաջնությունն արդեն իսկ կարելի է ձախողված համարել. Հայաստանի հավաքականի 8 բռնցքամարտիկներից 5-ը պայքարը լքեցին առաջին փուլում, իսկ Հրաչիկ Ջավախյանն ընդամենը մեկ մարտում հաղթեց: Եվ այս ամենը նախաօլիմպիական տարում:
Փաստորեն՝ Հայաստանի հավաքականը Բաքվում առավելագույնը երկու օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի: 49 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանը առաջին մենամարտը կանցկացնի վաղն առավոտյան, նա միակ հայ բռնցքամարտիկն է, ով 1/16 եզրափակիչից է սկսում պայքարը, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը, ով 1/32 եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ, կմենամարտի վաղը երեկոյան:
Չի կարելի ասել՝ օլիմպիական կոմետեն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչինչ չեն արել՝ տվյալ պարագայում բռնցքամարտի զարգացման համար, սակայն, ինչպես ցույց է տալիս Բաքվի առաջնությունը, ջանքերը և գումարները սխալ ուղղությամբ են ծախսվում: Տարբերակները մենք չէ, որ պետք է առաջարկենք, սակայն մի բան հաստատ կարող ենք պնդել՝ արմատական փոփոխություններ կատարելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է:
Վերջերս Թուրքիայում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նույնպես կարելի է ձախողված համարել. Հայաստանի հավաքականն ընդամենը երկու ուղեգիր նվաճեց՝ արժանանալով մեկ բրոնզե մեդալի, այն դեպքում, երբ նվազագույնը 4 ուղեգիր հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում, երկու ուղեգիր՝ ազատ ոճի ըմբիշներից: